Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արցախցի երեխաների` Հանգարիայում անցակցվող ամառային ճամբարներին մասնակցելու հարցին։ Նա գրել է․
«Ուրեմն, տեղյակ եք երևի, որ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա մասնակցելու ամառային ճամբարի, և ըստ տարածված տեղեկությունների՝ ևս 1000 երեխաներ պետք է գնան։
Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։ Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։
Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին։
Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն։
Ես լավ հիշում եմ Հունգարիայի ներկայացուցչի ընդգծված պրոադրբեջանական ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երբ քննարկվում էր շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար վիճակը։ Այսքանից հետո արցախցի երեխաների համար ճամբարներ կազմակերպելն ուղղակի երեսպաշտություն է և էժանագին «հումանիտար ժեստ», որին պետք չէ տրվել։
Սիրելի՛ ծնողներ, ես, իհարկե, ձեր փոխարեն չեմ կարող որոշել և չեմ էլ հավակնում որոշել, բայց երեխաներին Հունգարիա ուղարկելու ձեր որոշման ժամանակ հաշվի առեք, թե որ երկիր եք ուղարկում»։