Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Երևանի 2 կենտրոնական փողոցները։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դրանք են Ամիրյան և Լենինգրադյան փողոցները։
Ամիրյան փողոցն առաջարկվում է անվանափոխել Պապ թագավորի անվամբ, իսկ Լենինգրադյանը փողոցը՝ Արցախյան ազատամարտի ներկայացուցիչ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ։ Նշենք, որ նույն նիստի ժամանակ քննարկվելու է նաև «Մայր Հայաստան» խմբակցության նախագիծը․ վերջիններս առաջարկում են Եռաբլուրին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը, նրբանցքն ու փակուղին անվանակոչել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անվամբ։
Պապը (մոտ 353–374) Հայոց թագավորն է 370 թվականից։ Հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Գահին հաստատվել է Հռոմեական կայսրության օժանդակությամբ. 371-ին Ձիրավի ճակատամարտում հայ-հռոմեական միացյալ բանակով ջախջախել է Հայաստան ներխուժած պարսկական զորքերին: Պապը կարողացել է վերամիավորել Հայաստանից անջատված ծայրագավառները, չափավորել եկեղեցու տնտեսական և քաղաքական հզորությունը, փորձել է ազատվել Հռոմեական կայսրության գերիշխանությունից:
Պապը ստեղծել է մեծաքանակ և մարտունակ բանակ (90 հզ.), եկեղեցուց բռնագրավված հողերը շնորհել զինվորական ծառայության մեջ գտնվող մանր ազնվականությանը: Ներսես Ա Մեծի մահից հետո Պ. Շահակ Ա Մանազկերտցուն ձեռնադրության չի ուղարկել Կեսարիա՝ դնելով Հռոմից Հայ եկեղեցու անկախացման հիմքը:
Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն։
Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։