Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է Երևանի 3 փողոց անվանակոչել

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է 3 փողոց անվանակոչել։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դրանցից առաջինը գտնվում է Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում, Պետրոսյանի փողոցին հարող չանվանակոչված փողոցն է, որն ամբողջությամբ ընդգրկում է Դավիթաշեն 2-րդ թաղամասը։ Առաջարկվում է այն անվանակոչել հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի անվամբ։

Իվանյանը 1992-97-ին եղել է ԼՂ պաշտպանության կոմիտեի նախագահի խորհրդական, ապա` ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, զորամիավորման հրամանատար, ապա` տեղակալ: Զգալի ավանդ ունի ԼՂՀ բանակային կառույցների ու ծառայությունների, հատկապես հրետանու կազմավորման, ուսումնական զորամասերի, կենտրոնների, հրաձգարանների և փորձադաշտերի ստեղծման աշխատանքներին: Ղեկավարել է հակառակորդի մի շարք կրակակետերի (Ստեփանակերտի հարակից շրջանների, Մարտունիի ևն) ճնշման ռազմական գործողությունները:

Բացի այդ, ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է Եռաբլուրին հարող տարածքի Շահումյան 6-րդ փողոցը, նրբանցքն ու փակուղին անվանակոչել Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվամբ։ Բեկորը մասնակցել է Ղարաբաղում մղված մարտերից շատերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն։ Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։

Առաջարկվում է նաև Երևանի Սիլիկյան նոր խճուղուց մինչև Տիչինայի փողոցն ընկած չանվանակոչված փողոցն անվանակոչել հայ լեզվաբան, գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Բարսեղյանի անվամբ։ 1946-1948թթ. Հովհ.Բարսեղյանը եղել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի, այնուհետև՝ մինչև 1958թ., Երևանի հեռակա պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի դասախոս: 1958թ. նա կրկին տեղափոխվել է ԵՊՀ և 1969-ին ընտրվել հայոց լեզվի ամբիոնի վարիչ: 1977-1985թթ. եղել է բանասիրության ֆակուլտետի դեկան, 1985-1990թթ.` հայոց լեզվի պատմության ամբիոնի հիմնադիր-վարիչ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել