Սեպտեմբերի 9-ին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը կլինի Երևանում՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քաղաքական մակարդակով երկխոսության մեկնարկի առիթով:
Փոխնախագահ Սխինասը կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը և ԵՄ-Գործընկերության օրակարգի այլ ասպեկտներ:
Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը ԵՄ-ի և նրա անդամ պետությունների կողմից հզոր ազդանշան է՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև արդեն իսկ ամուր գործընկերությունն ավելի խորացնելու վճռականության մասին: Այս երկխոսության նպատակն է ի վերջո վերացնել Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ-ում կարճաժամկետ այցելությունների վիզայի պահանջը, երբ Հայաստանի իշխանությունները կիրականացնեն էական բարեփոխումներ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանի, միգրացիայի և ապաստանի կառավարումը, հասարակական կարգն ու անվտանգությունը, և տեղաշարժի ազատության հետ կապված հիմնարար իրավունքները: Ինչպես այլ երրորդ երկրների հետ փորձը ցույց է տվել, Հայաստանի հետ այս երկխոսությունը կլինի բազմամյա գործընթաց, որը կիրականացվի ԵՄ անդամ պետությունների հետ շատ սերտ համագործակցությամբ՝ բարեփոխումների առաջընթացը և զարգացումները վերահսկելու նպատակով:
Իր այցի ընթացքում փոխնախագահը նաև քննարկում կունենա Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ՝ վերջերս ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված էական առաջընթացի և ընդհանուր արժեքների հիման վրա դրանց հետագա խորացման հեռանկարների վերաբերյալ: