Հայաստանի գործող վարչախումբը հերթական անգամ փորձ է անում բռնաճնշումներ իրականացնելով ահաբեկել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներին և համակիրներին։ Այս մասին հայտնում են «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունից։
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առանց որևէ հիմնավորման Ազգային անվտանգության ծառայություն են կանչվել Ժիրայր Կիրակոսյանը, Հրայր Խաչատրյանը և Անգել Սարգսյանը։
Հերթական անգամ զավեշտալի պատրվակով ահաբեկելու անհաջող փորձից հետո, ԱԱԾ աշխատակիցները ազատ են արձակել քաղաքական հետապնդումների ենթարկված քաղաքացիներին։
«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից իրականացվող ռեպրեսիաները: Հորդորում ենք իրավապահ մարմիններին զերծ մնալ ապօրինի գործողություններից: Թե՛ Ոստիկանությունը և թե՛ Ազգային անվտանգության ծառայությունը իրավունք չունեն քաղաքականությամբ զբաղվելու և կատարելու քաղաքական պատվերներ: Նման գործողությունները խստորեն դատապարտելի են և ապագայում առաջացնելու են քրեաիրավական հետևանքներ:
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին չկատարել գործող վարչախմբի ապօրինի հրահանգները։
Իր հերթին իշխանությունը անհապաղ պետք է դադարեցնի քաղաքական հետապնդումները «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամների և համակիրների նկատմամբ: Ահաբեկման և ապօրինի հետապնդման յուրաքանչյուր փորձ էլ ավելի վճռական է դարձնում մեզ մեր պայքարում։
Աթոռները պահելու նպատակով ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումներ գործադրող ձախողված վարչախմբի ամեն հերթական քայլ էլ ավելի է մոտեցնում պատասխանատվության պահը»,-նշվում է հայտարարության մեջ։