Բացահայտվել է դեռևս 2005թ. կատարված զինծառայողի սպանության դեպք․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ բացահայտվել է դեռևս 2005թ. ապրիլին կատարված՝ ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի սպանության դեպքը։

2005թ. ապրիլի 11-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի տարածքում գտնվող ճաշարանի աստիճաններին հարող տարածքում, ճակատի միջհոնքային շրջանում հրազենային երկու վնասվածքներով, հայտնաբերվել էր պահակային ծառայություն իրականացնող, նույն զորամասի ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանը, ով զորամասի հրամանատարության կողմից անմիջապես տեղափոխվել էր Գորիսի քաղաքային հիվանդանոց, որտեղ պարզվել էր, որ վերջինս մահացել է:

Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակներում թեև սպանության կատարման համար 2005թ․ մայիսին քրեական հետապնդում էր հարուցվել տուժողի համածառայակից՝ նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Վ.Ա.-ի նկատմամբ, սակայն նույն թվականի սեպտեմբերի 5-ին մեղքը հիմնավորող բավարար փաստեր ձեռք չբերվելու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր և վարույթը կասեցվել։

2023թ․ մայիսի 29-ին կայացված համապատասխան որոշմամբ քրեական վարույթով նախաքննությունը վերսկսվել է:

Նոր երևան եկած հանգամանքների հիմքով 2023 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել՝ Վ.Ա․-ին առաջադրված մեղադրանքի ծավալի մասը վերացնելու մասին 2005 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը վերացնելու մասին:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական (այդ թվում՝ գաղտնի) և վարութային այլ մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2005թ․ մարտի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասում հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո ժամկետային զինծառայող Վ․Ա․-ն, տեղեկացված լինելով նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Նաիրի Իսախանյանի և ՀՀ ՊՆ ՌՈ Գորիսի բաժանմունքի աշխատակցի ազգակցական կապի մասին, անհիմն ենթադրել է, որ Ն․Ի․-ն իր ազգականի միջոցով տվյալներ է տրամադրում իրավապահ մարմիններին և մեղադրել է վերջինիս ՌՈ-ին ինֆորմացիա հայտնելու մեջ:

2005թ․ ապրիլի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Վ.Ա․-ն ականատես է եղել շարահրապարակի մոտակայքում Նաիրի Իսախանյանի և ՌՈ վերոնշյալ աշխատակցի խոսակցությանը: Նույն օրը՝ ժամը 20:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում, Վ․Ա․-ն, համածառայողների շրջանում կեղծ հեղինակությունն ու դրանով պայմանավորված թվացյալ ազդեցությունն ընդգծելու շարժառիթով, գնացել է զորամասի մշտական տեղակայման վայրում գտնվող պահակակետ, որտեղ ժամապահի պարտականություններն իրականացնող Նաիրի Իսախանյանին անվանել է «մատնիչ»։

Վերջինս հակադարձել է նրան, հիմնավորում պահանջել՝ նշելով, որ վերակարգի ծառայությունն ավարտելուց հետո այցելելու է նրան և խոսելու է այդ հարցի շուրջ:

Ժամեր անց՝ ապրիլի 11-ին՝ ժամը 02:20-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում, Վ․ Ա․-ն, դարձյալ գնացել է պահակակետ, որտեղ՝ նոր կառուցվող ճաշարանին հարակից տարածքում, իր անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից, «ինքնահաստատման» պահանջից դրդված, խուլիգանական դրդումներով, համածառայակից Նաիրի Իսախանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով երկու կրակոցից բաղկացած կարճ կրակահերթ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ․Ա․-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, որը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետին։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ վարույթի նյութերը դատարան ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել