ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվական ծառայությունը։
Սուրեն Թովմասյանի խոսքով՝ նախագծի ընդունման արդյունքում բարեխիղճ հարկ վճարողները կվճարեն փոփոխված (ավելացված) հարկի գումարը, սակայն նրանց նկատմամբ սահմանված կոնկրետ ժամկետներում տույժեր չեն հաշվարկվի:
Նա պարզաբանել է, որ 2011-2012 թվականներին ոլորտում որոշակի վրիպակներով եւ թերություններով զանգվածային թվայնացում է տեղի ունեցել, եւ այժմ նախագծով առաջարկվում է ուղղել այդ թերությունները՝ չպատժելով քաղաքացիներին: «Սա բարեխիղճ հարկ վճարողի համար միայն լավ գործիք է: Եթե ինքն իր հարկային պարտավորությունները կատարել է, ապա այդ տույժերը զրոյացվում են: Իսկ եթե չի կատարել իր հարկային պարտավորությունները եւ դրանք չի վճարել այդ տարիների ընթացքում, ապա իր համար այդ տույժերը չեն զրոյացվում: Այսինքն՝ սա օգնում է պարտաճանաչ հարկ վճարողին»,- պարզաբանել է զեկուցողը: Նա նաեւ հավելել է, որ ամեն դեպքում քաղաքացին պետք է կատարի իր հարկային պարտավորությունները: Առայսօր ճշգրտվել են մոտ 80.000 անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ:
Նախագիծն ուղղված է բարեխիղճ հարկատուների իրավունքների պաշտպանությունը՝ մասնավորապես կարգավորելով այն դեպքերը, երբ հարկ վճարողն անշարժ գույքի հարկի գծով իր հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարել է, սակայն օրենքով եւ Հարկային օրենսգրքով սահմանված գնահատման կարգերով հաշվարկվող բանաձեւերում շինության կամ հողամասի մակերեսի կամ գործակիցների մեծությունների փոփոխման արդյունքում անշարժ գույքի հարկով հարկման բազայի փոփոխման, ինչպես նաեւ բազայի լրամշակման հետեւանքով առաջացած հարկի նկատմամբ հաշվարկվում են տույժեր:
Նախագծի վերաբերյալ պատգամավորները տարբեր տեսակետներ են արտահայտել: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն առաջարկել է մինչեւ երկրորդ ընթերցում անդրադառնալ պատգամավորների դիրքորոշումներին:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: