Ինչպիսի՞ն կարող են լինել ավանդները ՀՀ-ում

Բանկային ավանդի (դեպոզիտի) պայմանագրով մի կողմը (բանկը), ընդունելով մյուս կողմից (ավանդատուից) ստացված կամ վերջինիս համար ստացված դրամական գումարը (ավանդը), պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ավանդի գումարը և պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով տոկոսներ վճարել դրանից:

Բանկային ավանդի պայմանագիրը կնքվում է ավանդն առաջին իսկ պահանջով վերադարձնելու (ցպահանջ ավանդ) կամ ավանդը պայմանագրով սահմանված որոշակի ժամկետի ավարտից հետո վերադարձնելու (ժամկետային ավանդ) պայմաններով: Ժամկետային ավանդի տարատեսակ է հանդիսանում կուտակային կենսաթոշակային ավանդը, որը ներդրվում է ֆիզիկական անձի համար իր կամ այլ անձի կողմից միանվագ կամ պարբերաբար, և որը, ինչպես նաև նրա վրա հաշվեգրված տոկոսները, ֆիզիկական անձը կարող է ստանալ միայն օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Պայմանագրով կարող են նախատեսվել ավանդները վերադարձնելու` օրենքին չհակասող այլ պայմաններ:

Ցանկացած տեսակի բանկային ավանդի պայմանագրով բանկը պարտավոր է ավանդի գումարը կամ դրա մասը վերադարձնել ավանդատուի առաջին իսկ պահանջով, բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների և պայմանագրով նախատեսված` վերադարձման այլ պայմաններով իրավաբանական անձանց ներդրած ավանդների:

Առաջին իսկ պահանջով ավանդը հետ ստանալու քաղաքացու իրավունքը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է, բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների:

Այն դեպքերում, երբ ցպահանջ չհանդիսացող ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը (կուտակային կենսաթոշակային ավանդի դեպքում` մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը) կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, ավանդատուին տոկոսները վճարվում են բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված չափերով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, և տոկոսների այլ չափ նախատեսված չէ պայմանագրով:

Այն դեպքերում, երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել