Գլոբալ տաքացումը մահացու ջրհեղեղների, տեղատարափ անձրևների և քաղաքային հեղեղումների պատճառ է դառնում: Այս մասին գրառում է կատարել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Գլոբալ տաքացումը ոչ միայն գլոբալ ջերմաստիճանի բարձրացում է, այլ նաև վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների քանակի և ինտենսիվության ավելացում, ներառյալ հորդառատ անձրևներ, քաղաքային հեղեղումներ և ջրհեղեղներ: Ջրհեղեղներ են տեղի ունենում տարբեր մայրցամաքներում, այդ թվում՝ Աֆրիկայի կարծես թե չոր վայրերում։
Նիգերիայի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը հայտնում է, որ երկրում շարունակվող ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 195-ի: Ավելի վաղ տեղական Punch թերթը հայտնել էր, որ հորդառատ անձրևներն ու ջրհեղեղները Նիգերիայում վնաս են հասցրել 28 նահանգների և ավելի քան 207,000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները: Նիգերիայի իշխանությունները սկսել են տարհանել մի շարք նահանգների բնակիչներին, հատկապես Բենուե գետի մերձակայքում բնակվողներին՝ երկրում շարունակվող ջրհեղեղների պատճառով:
Օգոստոսի կեսերին ՄԱԿ-ը հայտնել էր, որ ավելի քան 70 մարդ է զոհվել և մոտ 700-ը վիրավորվել կենտրոնական և արևմտյան Աֆրիկայում անձրևների սեզոնի ֆոնին ջրհեղեղների հետևանքով: Նշվել է, որ հեղեղումները վնաս են հասցրել նաև ավելի քան 25 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերին, սատկել է ավելի քան 4000 գլուխ անասուն։
Ոչ պակաս բարդ իրավիճակ է Հարավային Ասիայի որոշ երկրներում։ Այսպես, Բանգլադեշում շարունակվող ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը համաձայն երկրի աղետների կառավարման և վնասների վերացման նախարարության տվյալների հասել է 54-ի։ Ընդհանուր առմամբ երկրում ավելի քան 5,8 միլիոն մարդ տուժել է ջրհեղեղներից։ Փորձագետների կարծիքով, Բանգլադեշում ջրհեղեղների պատճառը, երկարատեւ անձրևներն և Հնդկաստանի գետերից ջրի հոսքերն են։ Բանգլադեշի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ առաջիկա օրերին երկրի հյուսիս-արևելքում կրկին չափավոր և հորդառատ անձրև է սպասվում, ինչը կարող է հանգեցնել գետերի մակարդակի էլ ավելի բարձրացման։
Հայաստանը նույնպես անմասն չի մնում հորդառատ անձրևների թվի ավելացումից որպես վառ ապացույց օգոստոսի 30-ի գիշերվա տեղումներն են, երբ համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների մեկ-երկու ժամվա ընթացքում Երևանում թափվել է օգոստոս ամսվա նորմայից գրեթե երկու անգամ ավել տեղումներ: Համաձայն ՆԳՆ Փրկարար ծառայության տվյալների հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 670 ահազանգ: Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 276 տոննա ջուր։ Արգելափակումից դուրս է բերվել 55 տրանսպորտային միջոց»,-նշել է նա։