Զորամասի հրդեհի գործով անցնող Գոռ Աղեկյանը կալանքից ազատ է արձակվել

Ազատ գյուղում զինվորական կացարանի հրդեհի, դրա հետևանքով 15 զինծառայողի մահվան առթիվ քրեական գործով անցնող ամբաստանյալ Գոռ Աղեկյանը կալանքից ազատ է արձակվել։ Փաստաբան Գուրգեն Ներսիսյանը հայտնում է, որ դատարանի դահլիճում փոխվել է հրամանատարի թիկունքի գծով տեղակալի խափանման միջոցը։

««LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը վերջին ամիսներին ստանձնել էր 2023թ. հունվարի 19-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված «զինվորական կացարանում» հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով մեղադրյալ, N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ Գոռ Աղեկյանի պաշտպանությունը:

23.08.2024թ. դատարանը (նախագահությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի) որոշեց փոխել Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը այլընտրանքային խափանման միջոցներով և նրան կալանքից ազատեց հենց դատարանի դահլիճից:

Թեև դեռ կա երկարատև համբերատար աշխատանքի անհրաժեշտություն, այդուհանդերձ այս գործով պաշտպանության կողմը ունի բավարար ապացույցներ և համոզված է, որ դատավարության արդյունքում վերջնականապես հիմնավորվելու է Գոռ Աղեկյանի անմեղությունը:

2023թ. հունվարի 19-ին Հայաստանի Հանրապետությունը ցնցած այս դեպքի շուրջ դատաքննությունն ընթանում է հանրային ուշադրության ներքո, պարբերաբար հնչում են ամենատարբեր տեքստեր ու ենթատեքստեր պարունակող հայտարարություններ, գնահատականներ, այդուհանդերձ գործը նախագահող դատավոր Վարդան Հարությունյանին հաջողվում է բարձր պատասխանատվությամբ արդարադատություն իրականացնել՝ չնայած այս գործով նախադեպը չունեցող հոգեբանական ու էմոցիոնալ ծանրաբեռնվածությանը, դատավարության ողջ ընթացքում զգայուն ու նուրբ հարցերի շուրջ հաճախակի պոռթկումնալից իրավիճակներին»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել