Դավիթ Հարությունյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր գործը վերանայելու պահանջով։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին ԲԴԽ-ից․ «Այսօր, աշխատանքային օրվա ավարտին դիմումը մուտք է եղել Դատական դեպարտամենտ»։
Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 3-ին, հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապագական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը․ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել»։
Հունիսի 26-ին հրավիրված դատական նիստի ընթացքում խորհուրդը դատավորի նկատմամբ կիրառել է «դատական նիստերի դահլիճից հեռացում» սանկցիան՝ շարունակելով գործի քննությունն առանց Դավիթ Հարությունյանի և նրա ներկայացուցիչների մասնակցության։
Նշենք, որ Դավիթ Հարությունյանը դիմել էր Սահմանադրական դատարան։ Բարձր դատարանն արձանագրել էր, որ դատավորի կողմից վիճարկվող դրույթի նմանօրինակ մեկնաբանման և կիրառման հետևանքով ոչ իրավաչափ կերպով սահմանափակվել է Դավիթ Հարությունյանի՝ շահերի ներկայացվածության երաշխավորման իրավունքը, ինչպես նաև սահմանափակվել է դատավորի լսված լինելու իրավունքը, ինչի վկայությունն է խնդրո առարկա սանկցիայի կիրառման հետևանքով առաջացած՝ նրա կողմից իր դիրքորոշումը, առնվազն եզրափակիչ խոսքի միջոցով ներկայացնելու անհնարինությունը: