ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը սեպտեմբերի 10-ին բանավեճ կանցկացնեն ABC-ի եթերում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։ ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը Ֆլորիդայում անցկացրած մամուլի ասուլիսում հայտնել է, որ ևս երկու բանավեճ է ուզում անցկացնել փոխնախագահ Հարիսի հետ՝ սեպտեմբերի 4-ին և սեպտեմբերի 25-ին։Հարիսը հայտնել է, որ պատրաստ է ավելի շատ բանավեճերի, սակայն նրա ընտրարշավի թիմի անդամներից մեկը կրկնել է իրենց դիրքորոշումը, որ սեպտեմբերի 4-ին Fox-ի եթերում բանավեճին իրենք համաձայն չեն։
Թրամփը վերջերս ասել էր, որ կարող է հրաժարվել ABC-ի եթերում բանավեճից, որը նախատեսված էր անցկացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, երբ վերջնիս դեռ չէր հրաժարվել ընտրապայքարից։ Ipsos ընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ Հարիսն ունի ընտրողների 42 %-ի աջակցությունը, իսկ Թրամփը՝ 37 %-ի։ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կկայանան նոյեմբերի 5-ին։