Տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ անօթևանների, մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասների և խոցելի այլ խմբերի վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ներկայացուցիչներ՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունից, Երևանի քաղաքապետարանից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվելու, աշխատանքային թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու նվազեցման դեպքերը, արձագանքման արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր ներկայացվել են կանխարգելման, հայտնաբերման, նույնականացման և անհրաժեշտ ծառայությունների տրամադրման ընթացակարգերը։ 

Նախարար Մկրտչյանն անդրադարձել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց պետության կողմից տրամադրվող ծառայությունների շրջանակին, ներկայացրել դրանք հասարակական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացը։ 

Կարեն Հակոբյանը խոսել է ՆԳՆ ոստիկանության լիազորությունների շրջանակում տարվող աշխատանքների մասին՝ անդրադառնալով դեպքերի կանխարգելման և բացահայտման  ուղղությամբ գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ իրականացվող քայլերին։  

Քննարկվել է մինչ այս տարված աշխատանքների արդյունավետությունը, դրանց շրջանակում վերհանված խնդիրները և լուծման տարբերակները։ 

Հանդիպման ընթացքում ընդգծվել է համատեղ վերապատրաստման դասընթացների անցկացման անհրաժեշտությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության ոստիկանության և պարեկային ծառայության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Քննարկվել են նաև մի շարք տեխնիկական հարցեր՝ համատեղ գործառույթների իրականացման, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել