Կարմիր գծանշումները կտարածվե՞ն Հայաստանով մեկ

Երևան քաղաքում «կարմիր գծանշումներով ավտոկայանատեղերի» համար գանձվող տեղական տուրքի հարցը հասարակությանը մտահոգող ու համընդհանուր տարածում ունեցող խնդիրներից է:

Առաջին հայացքից այս «խնդիրն» առկա է միայն Երևանում: Սակայն ավտոկայանատեղերի համար գանձվող տեղական տուրքի հարցը կարգավորվում է 2011թ. հունիսի 23-ի «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք), որը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում միայն համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում կազմակերպված ավտոկայանատեղերի համար տեղական տուրքի վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տուրք վճարողները, տուրք վճարողների իրավունքներն ու պարտականությունները, տուրքի դրույքաչափերը, տուրքի սահմանման, գանձման կարգը և պայմանները, տուրք չվճարելու համար պատասխանատվությունը:

Այս օրենքը հնարավորություն է տալիս բոլոր համայնքներին սահմանել ավտոկայանատեղի համար գանձվող տեղական տուրք:
Ընդ որում, ավտոկայանատեղի տուրքերի դրույքաչափերը նշված օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ:

Ըստ օրենքի՝ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար գանձվում է տուրք հետևյալ դրույքաչափերով`
1) յուրաքանչյուր մեկ ժամվա համար` մինչև 300 դրամ ներառյալ.
2) յուրաքանչյուր մեկ օրվա համար` մինչև 2500 դրամ ներառյալ.
3) մեկ շաբաթվա համար` մինչև 5000 դրամ ներառյալ.
4) մեկ ամսվա համար` մինչև 25000 դրամ ներառյալ.
5) մեկ տարվա համար` մինչև 100000 դրամ ներառյալ:
Ընդ որում` մեկ ժամվա համար սահմանված տուրքի գանձում իրականացնելու դեպքում սահմանվում է փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդ:

Ի դեպ, ավտոկայանատեղի տուրք գանձող մարմինը (համայնքը) պարտավոր է տուրք վճարողին տրամադրել վճարումը հավաստող անդորրագիր, ինչպես նաև` պահանջելու դեպքում տուրք վճարողին տրամադրել վճարման վերաբերյալ տեղեկատվություն: Տեղեկանքում պետք է ներառվեն հետևյալ տեղեկությունները՝
1) ավտոկայանեղի կազմակերպչի անվանումը կամ անունը և ազգանունը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
2) ավտոկայանատեղի գտնվելու վայրը.
3) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը.
4) ավտոտրանսպորտային միջոցի կայանման ընդունման ամսաթիվը, կայանման սկիզբը, ավարտը, տևողությունը.
5) վճարված տեղական տուրքի գումարի չափը:
Նշված օրենքը իրական հնարավորություն է տալիս բոլոր համայնքներին համայնքապատկան ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում կազմակերպել ավտոկայանատեղեր և դրա համար գանձել տեղական տուրք: Երևան քաղաքում նորամուծությունը «փորձարկելուց» հետո այն իրողություն կարող է դառնալ նաև այլ համայնքներում:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի կիրառման առումով շատ կարևոր է նաև ավտոկայանատեղի սահմանումը և թե որտե՞ղ պետք է այն գտնվի:

Ավտոկայանատեղ հասկացության բնորոշումը տրվում է ոչ թե օրենքով, այլ ՀՀ Կառավարության որոշմամբ: Համաձայն ՀՀ Կառավարության 10.10.2012թ. N 1293-Ն որոշման՝ ավտոկայանատեղը ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար առանձնացված` սահմանված պահանջներին համապատասխան կահավորված բաց հարթակ է (փողոցի մաս, հրապարակ), որտեղ ավտոտրանսպորտային միջոցների կայանումը կազմակերպվում է առանց պահպանման ծառայություն մատուցելու:

Ըստ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքի՝ ավտոկայանատեղերը կարող են կազմակերպվել համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում:

Ըստ ՀՀ Կառավարության վերը նշված որոշման՝ «Ավտոկայանատեղեր կարող են կազմակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, շինարարական և այլ նորմերի պահանջներին համապատասխան, ընդ որում`
1) փողոցի երթևեկելի գոտում` միայն երթևեկելի մասի եզրի երկարությամբ ավտոտրանսպորտային միջոցների հաջորդական տեղաբաշխմամբ` պայմանով, որ չարգելափակվեն բակային մուտքերը.
2) փողոցի երթևեկելի մասի տեղային լայնացում ունեցող հատվածում` ավտոտրանսպորտային միջոցների` միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 113-Ն որոշման պահանջներին համապատասխան»:
Ավտոկայանատեղերի տեղաբաշխումը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:

Ուշագրավ է այն, որ թույլատրվում է ավտոկայանատեղեր կազմակերպել փողոցի երթևեկելի գոտում, և նախատեսվում է միայն մեկ պայման՝ որ չարգելափակվեն բակային մուտքերը: Ի կատարումն օրենսդրության պահանջների և առանց հաշվի առնելու երթևեկությանը խոչընդոտելու հարցը՝ ավտոկայանատեղերը կազմակերպվել են երթևեկելի գոտիների հաշվին, ինչը խոչընդունում է Երևան քաղաքում գոյություն ունեցող առանց այն էլ ոչ բնականոն երթևեկությանը:

Հ. Գ. Ավտոկայանատեղերի ծառայությունը համարվում է կենցաղային ծառայություն (ՀՀ Կառավարության 18.08.2005թ. N 1287-Ն որոշում): Ավտոկայանատեղի ծառայության դիմաց վճարվում է տեղական տուրք:
Արփինե Եղիկյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել