Ինչպե՞ս է դատախազը ներկայացնում մեղադրանքը դատարանում

Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացրած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Բացառիկ դեպքերում մեղադրանքը պաշտպանող դատախազի դատավարական լիազորությունների իրականացմանը վերադաս դատախազն իրավունք ունի ներգրավելու նաև այլ մեղադրողների:

Մեղադրանքը պաշտպանող դատախազի մասնակցությունը պարտադիր է առաջին ատյանի և վերաքննիչ դատարանում գործի քննությանը, այդ թվում` նախնական լսումներին:

Դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում պարտավոր է հրաժարվել մեղադրանքից: Դատարանում մեղադրանքից հրաժարվելու դեպքում դատարանը մեղադրանքի այդ մասով կայացնում է արդարացնող դատավճիռ:

Եթե առաջին ատյանի դատարանում մեղադրողը գտնում է, որ մեղադրանքը ենթակա է մեղմացման կամ խստացման, քանի որ դատական քննության ժամանակ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չէին մինչդատական վարույթում, դատախազն իրավունք ունի միջնորդություն ներկայացնելու դատարան` արարքը վերաորակելու նպատակով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ: Դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 1 ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ: Ամբաստանյալի կամ նրա պաշտպանի, տուժողի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանը պարտավոր է հետաձգել նիստը` նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամկետ տրամադրելու նպատակով:

Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են այն մասին, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է:

Եթե դատաքննության ընթացքում պարզվում է, որ ամբաստանյալի արարքի իրավաբանական որակումը ճիշտ չէ, իսկ մեղադրողը խստացնելու առումով արարքը վերաորակելու որոշում չի կայացնում կամ վերաորակելու համար դատական նիստը հետաձգելու միջնորդություն չի ներկայացնում, ապա դատարանն իր նախաձեռնությամբ մինչև 10 օր ժամկետով հետաձգում է դատական նիստը` առաջարկելով գլխավոր դատախազին կամ տեղակալին վերահաստատելու մեղադրական եզրակացությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել