Աղջկա պատմած պատմությունը վատ ավարտ ունեցավ

Կոտայքի մարզի դատախազությունը Դիանա Կարապետյանին մեղադրանք է առաջադրել սուտ մատնություն կատարելու համար: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ դատախազության` Դիանա Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. սեպտեմբերի 16-ին գիտակցաբար քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմիններին է հայտնել չկատարված, երևակայական հանցագործության մասին իրականությանը չհամապատասխանող սուտ տեղեկություններ, որը զուգորդվել է ծանր հանցագործության մեջ մեղադրելով, որ անհայտ երեք անձինք Երևանի Մխիթար Հերացու պետական բժշկական համալսարանի տարածքից իրեն առևանգել են: Սակայն ինքը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան դասերի չհաճախելու և կրթությունը չշարունակելու նպատակով հորինել է սյուժե, այն է` դեպքի օրը իրենց տան քաղաքային հեռախոսահամարով զանգահարելով իր բջջային հեռախոսահամարին, որն այդ պահին գտնվել է մոր` Արմինե Գևորգյանի մոտ, որից հետո վերցնելով հեռախոսը և իբր խոսելով ասել է, թե իրեն քննության են կանչել և տանը դիտավորյալ թողնելով բջջային հեռախոսը, դուրս է եկել տանից և շուրջ 3-4 ժամ շրջել Երևան քաղաքի տարածքից, որից հետո Երևանի Ազատության փողոցից մեկնել է Աբովյան քաղաք և ժամը 21:30 սահմաններում, Աբովյանի 6-րդ միկրոշրջանի կանգառում իջնելով ավտոբուսից, մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով, իր ձեռքի ժամացույցով վնասել է ինքն իրեն, պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, որտեղ իրեն նկատելով մոտակա խանութի մոտ կանգնած տղաները, իրեն տեղափոխել են Աբովյանի հիվանդանոց: Ոստիկանությանը հայտնել է, որ վնասվածքներն ստացել է երեք անհայտ անձանց կողմից իրեն առևանգելու հետևանքով, իսկ հետագայում խոստովանել է ճշմարտությունը:

Դիանա Կարապետյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, գործի դատաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել