Հա՞րկ, թե՞ տուրք. որպես ի՞նչ պետք է վճարվեր ավտոկայանատեղի վճարը

Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղի համար օրենքով սահմանված է տեղական տուրք:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածը, որպես համայնքի բյուջեի ձևավորման աղբյուր, նշում է տեղական հարկերը, որպես տեղական հարկերի տեսակներ նշելով չորս հարկատեսակ.
· հողի հարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող հողի համար,
· գույքահարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար,
· հյուրանոցային հարկը,
· տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկը.

Թեև տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկը որպես տեղական հարկի տեսակ չի հիշատակվում Հարկերի մասին օրենքում, սակայն այդ օրենքն ամրագրում է, որ այլ օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական հարկատեսակներ: Տվյալ պարագայում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանվում է այդ հարկատեսակը՝ տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկը:

Այս հարկատեսակը «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով նախատեսվել է 2010 թվականի ապրիլի 27-ին ընդունված՝ օրենքի փոփոխությամբ, երբ դեռ չէր ընդունվել «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքը (այն ընդունվել է 23.06.2011թ.):

Իսկ ի՞նչ է հարկը. Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով համապարտադիր և անհատույց վճար է, որը գանձվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից (այդ թվում` ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանցից, օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկներից, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղերից, ներկայացուցչություններից), հիմնարկներից, տեղական ինքնակառավարման մարմիններից` հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով, չափերով և սահմանված ժամկետներում:

Տեղական հարկերը, որպես եկամուտ, ամբողջությամբ ամրագրվում են այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում դրանք ձևավորվում են:

Ի տարբերություն դրա՝ տեղական տուրքը տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով սահմանված լիազորությունների իրականացման դիմաց օրենքով սահմանված կարգով և չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

Այստեղ հարց է ծագում, թե տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով սահմանված ո՞ր լիազորության դիմաց է վճարվում ավտոկայանատեղի տուրքը:

«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքը սահմանում է, որ ի թիվս այլ տեղական տուրքերի, Հայաստանի Հանրապետության համայնքներում կարող է սահմանվել համայնքի ավագանու կողմից սահմանված` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար տեղական տուրք: Սույն ենթակետով սահմանված տեղական տուրքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով՝ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքով:

Տեղական տուրքի այս տեսակը օրենքում նախատեսվել է 2011 թվականի հունիսի 23-ին ընդունված օրենքի փոփոխությամբ, այն նույն օրը, երբ ընդունվել է «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքը:

Արդյո՞ք կայանատեղի վճարը և՛ որպես տեղական հարկ, և՛ որպես տեղական տուրք նախատեսելը տեխնիկական վրիպակ է, թե օրենսդրական հակասություն՝ հետագա զարգացման հնարավորություններով, ցույց կտա ժամանակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել