Այսօր՝ հուլիսի 11-ին, Կառավարության հերթական նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը խոսելով հանրակրթության բարեփոխումների ու չափորոշիչների մասին՝ ասաց, որ դպրոցներում առանցքային է պատմության ուսուցումը։
Չափորոշչով սահմանված է, որ որպես պարտադիր առարկա ներկայացված է հայոց պատմություն առարկան, սա այս իմաստով խնդրահարույց է թվում, քանի որ հայք բառը գրաբարից թարգմանաբար նշանակում է Հայաստան, հայեր․
«Իրավական պետության պատմության ներկայցման, դասավանդման գործընթացում լիարժեք չի փոխանցում պետականության գաղափարը, ուստի նախագծով առաջարկվում է պատմության ուսուցումն իրականացնել Հայաստանի պատմություն անվան ներքո։
Պատմության ուսուցումն առաջին հերթին պետք է միտված լինի ժամանակակից Հայաստանի, ՀՀ-ի դիրքից, պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Մենք կկարողանանք նաև սովորողների համար շատ ավելի տեսանելի և համակարգային ներկայացնել պատմությունը, ավելի ըմբռնելի դարձնելով պետականության գաղափարը»։
Նա շեշտեց, որ ամբողջ բովանդակությունը մնալու է նույնը, և բովանդակության «կտորների» դուրս թողման մասին պնդումները կապ չունեն իրականության հետ։
Նախագծի մեջ նշվում է, որ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելով` առարկայի դասագրքի անվանումն արդեն իսկ սովորողի մոտ պարտավորություն և սկզբունքներ կարմատավորի պետականություն ունեցող երկրի քաղաքացի ձևավորվելու գործընթացում:
Կառավարությունն ընդունեց որոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում։