Հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության կարիք ունեցող դատապարտյալները կտեղափոխվեն բուժական քրեակատարողական հիմնարկ. նախագիծն ԱԺ-ում է

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է քրեակատարողական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։

Նախագծով առաջարկվում է սահմանել լիազորող նորմ, որը հնարավորություն կտա Արդարադատության նախարարի հրամանով առավել մանրամասն կարգավորել դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման կարգը:

Լևոն Բալյանը նշել է, որ քրեական արդարադատության և քրեակատարողական համակարգի բարեփոխումների ոլորտում առանցքային նշանակություն ունի ազատազրկված անձանց ռիսկերի ու կարիքների գնահատման արդյունավետ իրականացումը, որը հիմք է վերասոցիալականացման անհատական ծրագրի մշակման և իրականացման համար:

Հաջորդ կարգավորմամբ նախատեսվում է հիվանդանոցային պայմաններում երկարատև բժշկական օգնության, սպասարկման և խնամքի կարիք ունեցող դատապարտյալներին տեղափոխել բուժական քրեակատարողական հիմնարկ: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվելու է միջին անվտանգային գոտու խիստ միջոցների համար նախատեսված պայմաններում։ Արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվելու են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:

Լևոն Բալյանի տեղեկացմամբ բուժական քրեակատարողական հիմնարկում պահվելու են այն դատապարտյալները, որոնց առողջական վիճակից ելնելով բժշկական օգնությունը հնարավոր չէ ցուցաբերել քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումներում:

Քրեակատարողական ծառայությունն ապահովելու է բուժական քրեակատարողական հիմնարկում պատիժների կատարման կարգն ու պայմանները, իսկ դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելու է «Առողջապահության նախարարության քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել