Հուլիսի սկզբին լույս տեսավ Չինաստանում մինչև 2024 թվականը Կլիմայի փոփոխության վերաբերյալ «Կապույտ գիրքը», որում ներկայացվում է Չինաստանում և ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության վիճակի մոնիթորինգի մասին վերջին տեղեկատվությունը՝ մթնոլորտի, ջրոլորտի, կրիոսֆերայի, կենսոլորտի և կլիմայի փոփոխության վրա ազդող գործոնների տեսանկյունից, հայտնում են Հայհիդրոմետից։
«Կապույտ գրքում» նշվում է, որ գլոբալ տաքացման միտումը շարունակվում է: Չինաստանի օդերևութաբանական վարչության (CMA) կողմից կատարված վերլուծությունները ցամաքի մակերևույթի գլոբալ ջերմաստիճանի տվյալների վերաբերյալ ցույց է տվել, որ 2023 թվականին գլոբալ միջին ջերմաստիճանը ամենաբարձրն է եղել 1850 թվականի օդերևութաբանական դիտարկումներից ի վեր, և որ գլոբալ միջին ջերմաստիճանը վերջին 10 տարիների ընթացքում (2014-2023թթ․) մոտավորապես 1.2°-ով ավելի բարձր է, քան նախաարդյունաբերական ժամանակաշրջանում։ Ասիայի տարածաշրջանային միջին ջերմաստիճանը 2023 թվականին նորմայից բարձր էր 0.92°-ով, որը երկրորդ ամենաբարձրն է 1901 թվականից ի վեր, իսկ Չինաստանում գետնի մակերևույթի միջին տարեկան ջերմաստիճանը 2023 թվականին 0.84°-ով բարձր էր նորմայից, որը 1901 թվականից ի վեր ամենատաք տարին դարձավ:
Էքստրեմալ եղանակային և կլիմայական երևույթները դառնում են ավելի հաճախակի և ինտենսիվ, և Չինաստանը բացառություն չէ: Ընդ որում դիտվում է նաև էքստրեմալ ցածր ջերմաստիճանների հաճախականացում։ Չինաստանի հյուսիսային տարածաշրջանում փոշու մրրիկներով և փոթորիկներով օրերի միջին թիվը զգալիորեն նվազման միտում ունի, հասնելով վերջին տարիների ամենացածր մակարդակին, իսկ Չինաստանում ցամաքին հասնող թայֆունների միջին ինտենսիվությունը զգալիորեն աճել է 1990-ականների վերջից ի վեր:
Համաշխարհային օվկիանոսի տաքացումը զգալիորեն արագացել է, ծովի մակերևույթի ջերմաստիճանը և օվկիանոսի ջերմային պաշարը հասել են նոր առավելագույնների, իսկ ծովի գլոբալ միջին մակարդակը շարունակում է բարձրանալ: Չինաստանի ափամերձ հատվածում ծովի մակարդակն ընդհանուր առմամբ արագ բարձրանում է, և 2023 թվականին այն 72 սմ-ով բարձր է եղել 1993-2011 թվականների միջինից:
Գլոբալ սառցադաշտային նահանջը արագացել է, և արևմտյան Չինաստանի լեռնային սառցադաշտերը նույնպես ցույց էին տալիս հալման աճի միտում: Ցինհայ-Սիցզան մայրուղու երկայնքով բազմամյա սառցույթի դեգրադացիան ակնհայտ է:
Չինաստանի ընդհանուր բուսածածկույթը անշեղորեն աճում է, ինչը վկայում է շարունակական կանաչապատվելու միտումը: 2000 թվականից մինչև 2023 թվականը Չինաստանի բուսականության միջին տարեկան նորմալացված ինդեքսը (NDVI) ցույց է տվել զգալի աճի միտում, և 2023 թվականին այն հասավ 2000 թվականից ի վեր երրորդ ամենաբարձր արժեքին:
«Կապույտ գիրքը» նաև ցույց է տալիս, որ ջերմոցային գազերի համաշխարհային կոնցենտրացիաները ամեն տարի աճում են: Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի (CO2), մեթանի (CH4) և ազոտի օքսիդի (N2O) միջին գլոբալ կոնցենտրացիաները հասել են իրենց ամենաբարձր մակարդակին՝ դիտարկումների սկզբից ի վեր: