«Խնդիրը գնալով բարդանալու է և կարող է իմաստազրկել այդ դատարանի գոյությունը»․ համակարգային կոռուպցիայի դատաիրավական դրսևորումներից դատաքննության ժամկետների մասին

Ժողովրդավարության կարևոր հիմնասյուներից է կոռուպցիայի դեմ պայքարը: Վերջին տարիներին Հայաստանում դրա ընկալման համաթվի վատթարացման պատճառներից են դատաիրավական համակարգում բարեփոխումների անբավարար ընթացքը, համակարգային կոռուպցիայի նորահայտ դրսևորումները, որոնք հատկապես երևում են օրենսդրական և վարչական կոռուպցիայի տարածված տարբեր ձևերով: Այդ մասին բազմիցս հայատարարել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Կոալիցիա)՝ իր հայտարարություններով (https://aac.am/6693.html, https://aac.am/7252.html) և տարբեր հարթակներում ելույթներով և քննարկումներով (https://aac.am/7101.html, https://aac.am/7808.html):

Վերոհիշյալի համատեքստում դատական համակարգի հետ առնչվող անձանց շրջանակում դժգոհությունների առյուծի բաժինը դատական գործերի տևողության խնդրին է առնչվում: Իսկապես այն պայմաններում, երբ դատական գործերի քննության միջին տևողությունը, դատական բոլոր ատյաններով հանդերձ, կարող է կազմել 2-ից 3 տարի, իսկ սահմանադրական դատարանում հարցը քննարկելիս կարող է այդ ժամկետը երկարաձգվել ևս 1-2 տարի, ապա ավելորդ է խոսել ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված ՀՀ ֆիզիկական ու իրավաբանական անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման մասին, քանի որ շատ անգամ իրավունքի պաշտպանության խնդիրը կորցնում է իր ակտուալությունը մինչև գործի քննության ավարտը, կայացրած դատական վճիռները դառնում են ժամանակավրեպ

Եթե քաղաքացիական դատավարության ոլորտում, պետությունը ձեռնարկել է որոշ էական քայլեր այդ խնդրի լուծման ուղղությամբ, որոնք արդեն որոշակի ազդեցություն ունեն գործերի քննության ժամկետների վրա, ապա նույնը չի կարելի ասել վարչական դատավարության ոլորտի մասին, որտեղ գործերի քննության ժամկետները գնալով երկարում են և շատ անգամ այդ պատճառով անձանց իրավունքները ոչ միայն մնում են անպաշտպան այլև՝ ողջամիտ ժամկետներում դատական ակտերի չկայացնելը հանգեցնում է նորանոր բազմապիսի խնդիրների առաջացմանը:

Ստեղծված իրավիճակը թերևս անտրամաբանական է, քանի որ վարչական դատարանը ծանրաբեռնվածության առումով պետք է լինի ամենաքիչ գործեր քննող դատարանը: Դա բխում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի նորմից, որի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այս նորմի անբավարար կատարումը պատասխանատու հանրային ծառայողների կողմից հանգեցնում է վարչական կոռուպցիայի, ինչի արդյունքում մի կողմից խախտվում է ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատշաճ վարչարարության սահմանադրական իրավունքն ու դրա իրացման հնարավորությունը, մյուս կողմից՝ անհարկի ավելանում են դատարան դիմելու հայցադիմումների քանակը, դրանով էապես ծանրաբեռնելով դատարաններին: Իր հերթին այդ դրույթից բխում է այսպես կոչված իրավաչափության կանխավարկածը, որի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կայացրած որոշումները կամ գործողությունները իրավաչափ են, քանի դեռ դրանք դատարանի կողմից ոչ իրավաչափ չեն ճանաչվել: 

Այսպիսով, իրավական պետությունում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է գործեն օրենքի սահմաններում և միայն եզակի դեպքերում խնդրահարույց հարցերով գործը կարող է հասնել դատարան: Սակայն մեր իրականությունը հակառակ պատկերն է ներկայացնում: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները հաճախակի գործում են ոչ իրավաչափ և անձինք ստիպված են լինում իրենց իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան: Ասվածի ապացույցը վարչական դատարանում քննվող գործերի աճող քանակն է, որը հանգեցնում է դատարանի գերծանրաբեռնվածությանը:

Որպես կանոն վարչական դատարանում գործերի քննության տևողությունը մոտենում է մեկ տարվան, իսկ վերաքննիչ ատյանում մոտենում է երկու տարվան, այսինքն գործի ընդհանուր տևողությունը կարող է հասնել միջինում երեք տարվան, առանց բեկանման և նոր քննության ժամկետները, հետագայում նաև՝ սահմանադրական դատարան դիմելու ժամկետները հաշվի առնելու: Նման պայմաններում չի կարող ապահովվել արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական սկզբունքի իրականացումը, քանի որ բազմաթիվ դեպքերում նման ժամկետները հանգեցնում են խախտված իրավունքների վերականգնման անհնարինությանը: 

Որպես օրինակ կարելի է բերել շինարարության թույլտվության վիճարկման գործերը: Շինարարության թույլտվությունը տրվում է առավելագույնը 3 տարի ժամկետով և եթե այն վիճարկվում է, ապա դրա գործողությունը, առանց լրացուցիչ միջնորդություն ներկայացնելու և այն բավարարելու, չի կասեցվում, այսինքն կառուցապատողը շարունակում է շինարարությունը: Հետևաբար, եթե գործը քննվի 3 տարի, ապա այդ ընթացքում կառուցապատողը կարող է ավարտել շինարարությունը և կառուցել օրինակ բազմահարկ շենք: Սակայն, եթե դատարանը համարի, որ շինարարության թույլտվությունը ոչ իրավաչափ է եղել և այն անվավեր ճանաչվի, ապա կստացվի, որ բազմաբնակարան շենքը ինքնակամ կառույց է և ենթակա է քանդման: Նման պայմաններում խնդրահարույց է դառնում դատական ակտի ի կատար ածելը, քանի որ պարզ չէ թէ ինչպես պետք է քանդվի շենքը, երբ դրանում առկա բնակարանները արդեն վաճառված են և շենքը քանդելու դեպքում բնակիչները զրկվելու են ոչ միայն բնակարաններից այլ դրանց դիմաց վճարված գումարներից: Նման իրավիճակում խախտվում են ոչ միայն այն անձանց իրավունքները որոնք վիճարկել են շինարարության թույլտվությունը այլ նաև այն անձանց իրավունքները, որոնք բնակարան են ձեռք բերել ոչ իրավաչափ շինարարական թույլտվության հիման վրա կառուցված շենքում: Նման օրինակները բազմաթիվ են:

Վարչական կոռուպցիայի ակնհայտ փաստեր են ի հայտ գալիս հատկապես ճանապարհային երթևեկության կանոնների խախտման արդյունքում ի հայտ եկած իրավահարաբերությունների ժամանակ: Նախ, ՀՀ ՆԳՆ համակարգում պատշաճ վարչարարության բացակայության, դատաքննությունների երկար ժամանակահատվածի պատճառով ՀՀ քաղաքացիները փորձ անգամ չեն անում վարչական կարգով բողոքարկելու այդ ակտերը և հետագայում դատական գործընթացների մեջ մխրճվելու՝ 3000-5000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքների բողոքարկման դեպքերում, քանզի վարչական ու դատական ծախսերը այդ պարագայում 10-ապատիկից մինչև 100-ապատիկ անգամ գեազանցում են վարչական տուգանքի չափերը և գործնականում ոչ միայն չեն փախհատուցվում այդ նյութական, այլև՝ այդ գործընթացի ժամանակ կրած ոչ նյութական՝ բարոյական, վնասները (որպես օրինակ կարելի է նշել ՎԴ/6385/05/22 և ՎԴ/6386/05/22 գործերը): Մյուս կողմից այդպիսի արդյունքի են հասցնում ՀՀ օրենսդրության մեջ առկա իրավական կոլիզիաները (անհամապատասխանությունները) (ինչն, ըստ էության օրենսդրական կոռուպցիայի դրսևորում է, որի մասին բազմիցս բարձրաձայնել է Կոալիցիան՝ https://aac.am/5277.html), որոնք հանգեցնում են վարչական դատարանի նույն ատյանի տարբեր դատավորների կողմից իրար հակադիր որոշումների կայացմանը, ինչը հանգեցնում է դատավարության ժամկետների երկարաձգման՝ կայացրած այդ ոչ իրավաչափ վճիռները վերաքննիչ, վճռաբեկ և սահմանադրական դատարաններում, ինչպես նաև այդ դատավորների կարգապահական վարույթի հարցերը՝ բարձրագույն դատական խորհրդում քննարկելու հետ կապված (որպես օրինակ կարելի է նշել ՎԴ/1100/05/20, ՎԴ/8824/05/19, ՎԴ/2875/05/24,ՎԴ/2519/05/24  գործերը):  

Իհարկե օրենքը նախատեսել է ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասների հատուցման կարգ, սակայն այդ կարգը այնքան բարդեցված է, որ անձը պետք է առնվազն յոթ անգամ մտածի նման գործընթաց սկսելու համար: Մասնավորապես, անձը նախ պետք է դատական կարգով հասնի նրան, որ դատարանը ոչ իրավաչափ ճանաչի վարչական ակտը կամ վարչական մարմնի գործողությունը/անգործությունը: Որից հետո պետք է դիմի այն մարմնին, որի ակտը կամ գործողությունը/անգործությունը ճանաչվել է ոչ իրավաչափ, իր դիմումը մերժվելու կամ անպատասխան թողնվելուց հետո ևս մեկ անգամ դիմի դատարան, անցնի դատական նույն ճանապարհով փորձելով ստանալ պատճառված վնասների հատուցումը: Այսինքն ստեղծված պայմաններում երկու դատական գործընթացները կարող են տևել միջինը 6 տարի: Նման պայմաններում, եթե անձը անգամ ստանա վնասի հատուցում (ինչը համոզված ենք, որ ամբողջական չի լինի) ապա նման ոչ մի հատուցում չի կարող արդյունավետ լինել: 

Բացի այդ խոսքը կարող է գնալ միայն իրական վնասի հատուցման մասին, քանի որ օրենքը վարչական հարաբերություններում չի նախատեսում ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման իրական հնարավորություն: ՀՀ սահմանադրական դատարանը ՍԴՈ-1383 գործով դեռևս 07.11.2017թ-ին գտել է, որ օրենսդիրը պարտավոր է լրացնել օրենքի այդ բացը և վարչական հարաբերություններում ևս պետք է նախատեսել բարոյական վնասի հատուցման հնարավորություն: Սակայն օրենսդիրը փաստացի անտեսել է այդ որոշումը:

Նման իրավիճակը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ՀՀ օրենսդրությամբ ոչ մի հստակ պատասխանատվության մեխանիզմներ չկան նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց աշխատակիցների կողմից ոչ իրավաչափ գործունեության համար: Այս պարագայում համապատասխան պաշտոնատար անձինք գիտեն, որ ինչ էլ անեն քաղաքացիների առջև որևէ պատասխանատվություն չեն կրելու ոչ իրավաչափ որոշում կայացնելու կամ գործողություն կատարելու համար: Այդ հանգամանքը էապես խթանում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ոչ իրավաչափ գործունեությունը (ինչը հանգեցնում է վարչական կոռուպցիայի տարածմանը), քանի որ եթե օրենքի խախտման համար վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը պատասխանատվություն չի կրում դա կամայականության հիմքեր է ստեղծում: 

Այդ ամենի հետևանքով ստեղծվել է զավեշտալի իրավիճակ, երբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարզապես անտեսում են դատարանի որոշումները, ձևավորված դատական պրակտիկան և դատական նախադեպերը ու անկախ այն հանգամանքից, որ դատարանը արդեն մատնացույց է արել այս կամ այն որոշման կամ գործողության/անգործության ոչ իրավաչափ լինելը շարունակում են ընդունել նույն ոչ իրավաչափ որոշումները և կատարել նույն ոչ իրավաչափ գործողությունները: Որպես հետևանք անձինք նույն հարցի հետ կապված ստիպված են լինում դիմել դատարան խախտված իրավունքները վերականգնելու համար, ինչը կրկնակի ծանրաբեռնում է վարչական դատարանին: Այսպիսով ստեղծվել է արատավոր երևույթների մի շղթա, որից դուրս գալու ուղղությամբ քայլեր, համենայն դեպս տեսանելի, այս պահին չեն իրականացվում: 

Խնդրի լուծման համար կարծում ենք, որ հետևողականորեն պետք է իրականացվեն հետևյալ քայլերը: Նախ, խիստ անհաժեշտ է, որպեսզի հնարավորինս ամբողջովին վերացնել ՀՀ օրենսդրության մեջ առկա իրավական կոլիզիաները: Ապա, պետք է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար առավել պարզեցնել ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի գանձման գործընթացը և դատարանին հնարավորություն տալ այդ հարցը լուծել նույն վարույթի շրջանակներում: Բացի այդ վարչական վարույթում պարտադիր կերպով պետք է ներմուծել նաև բարոյական վնասի հատուցման ինստիտուտը, քանի որ բարոյական վնասը առավել ակտուալ է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոչ իրավաչափ վարչարարության իրականացման դեպքերում, ինչի հետևանքով պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրավաչափ գործելու անձի համոզմունքը խաթարվում է: Այնուհետև անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ օրենսդրության մեջ նախատեսվեն ոչ պատշաճ վարչարարության, դրա հետևանքով ՀՀ քաղաքացիներին ու իրավաբանական անձանց հասցրած նյութական ու ոչ նյութական վնասների հատուցման հստակ ու կոնկրետ պատասխանատվության միջոցներ, այդ թվում հատկապես այդ վնասների փոխհատուցման մեխանիզմներ անմիջապես այն ոչ իրավաչափ որոշումները կայացրած անձանց անձնական միջոցներից:

Այսպիսով վարչական դատարանների ծանրաբեռնվածության խնդրի լուծման հիմնասյունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության ինստիտուտի ներդրումն է, որի արդյունքում այդ մարմինները կկրեն իրական նյութական պատասխանատվություն իրենց ոչ իրավաչափ որոշումների կամ գործողությունների/անգործության համար: Հակառակ դեպքում խնդիրը գնալով բարդանալու է և կարող է հանգեցնել վարչական դատարանների ծանրաբեռնվածության այնպիսի աճի, որը կարող է իմաստազրկել այդ դատարանի գոյությունը:

ՎԱՐԴԱՆ ՋԻԼԱՎՅԱՆ,  փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ

ՄՈՎՍԵՍ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ,

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել