Ո՞վ կարող է լինել սնանկության կառավարիչ

Սնանկության կառավարիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից կառավարության սահմանված կարգով` որպես սնանկության կառավարիչ որակավորված և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ հանդիսացող այն ֆիզիկական անձը, որը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր։

Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կարող է հանդիսանալ այն ֆիզիկական անձը, որն ունի բարձրագույն կրթություն և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ դառնալու համար Արդարադատության նախարարության կողմից ստացել է սնանկության գործերով կառավարչի որակավորում և դիմելու օրվան նախորդած վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարի վարել է որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության կազմակերպման կամ ղեկավարման հետ կապված պաշտոններ, կամ անցել է համապատասխան ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում: Ստաժավորումը կազմակերպում և իրականացնում, ինչպես նաև դրա անցկացման պայմանները որոշում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը: Ստաժավորման ժամկետը սահմանում է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը, սակայն այն չի կարող պակաս լինել 6 ամսից:

Կառավարչի պաշտոնում չի կարող նշանակվել, իսկ նշանակված լինելու դեպքում ենթակա է ազատման այն անձը, որը`
ա) փոխկապակցված է պարտատերերի կամ պարտապանի հետ.
բ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող է.
գ) քրեական գործով հանդես է գալիս որպես մեղադրյալ կամ ամբաստանյալ.
դ) նախկինում դատապարտվել է շահադիտական հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը կամ հանված չէ.
ե) պարտապանի նկատմամբ ունի պահանջ կամ պարտավորություն.
զ) վերջին հինգ տարիների ընթացքում սնանկ է ճանաչվել որպես ֆիզիկական անձ.
է) սնանկության վերաբերյալ այլ գործերով չի փոխհատուցել կառավարչի պարտականությունների կատարման հետևանքով պարտատիրոջը կամ պարտապանին պատճառված վնասները.
ը) վերջին մեկ տարվա ընթացքում դատարանի կողմից վաղաժամկետ ազատվել է կառավարչի պարտականությունների կատարումից` օրենքով նախատեսված կարգով.
թ) չունի սնանկության կառավարչի որակավորում կամ չի հանդիսանում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կամ հաշվառված չէ որպես անհատ ձեռնարկատեր.
ժ) սահմանված ժամկետում չի կատարել իր քաղաքացիական պատասխանատվության ապահովագրումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել