Եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածը, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, մեկնաբանվում է որպես անհատական գանգատ ներկայացնելու բացառապես դատավարական իրավունք և այդ իրավունքն իրացնելու հնարավորությունները պաշտպանող դրույթ:
Այս դատավարական իրավունքը ենթադրում է, որ կոնկրետ անձանց հնարավորություն է տրվում կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումները գանգատարկել բացառապես տվյալ փաստաթղթով նախատեսված ընթացակարգով:
Կոնվենցիայի 34-րդ հոդվածը, որը սահմանում է Եվրոպական դատարան դիմելու կարգը, հանդիսանում է կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանությունն ապահովող կառուցակարգի գլխավոր տարրը: Այդ կառուցակարգը ներառում է կոնվենցիան խախտող որևէ գործողության արդյունքում վնաս կրած անձի համար տվյալ խախտման վերաբերյալ դատարան գանգատ ներկայացնելու հնարավորություն` պայմանով, որ գանգատի ընդունելության ` Կոնվենցիայի 35-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են: Անհատական գանգատ ներկայացնելու իրավունքը, որը մարդու իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ միջոց է, համարվում է Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում ստեղծված վերահսկողական համակարգի կարևորագույն տարրը: