Հաստատվել է կամավոր աշխատանքի ժամանակահատվածն աշխատանքային փորձառություն համարելու վերաբերյալ տեղեկանքի կամ երաշխավորագրի տրամադրման կարգը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հունվարի 12-ին հրաման է ստորագրել, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հրամանով հաստատվել է կամավոր աշխատանքի ժամանակահատվածն աշխատանքային փորձառություն համարելու վերաբերյալ տեղեկանքի կամ երաշխավորագրի տրամադրման կարգը։

Այն տարածվում է 2023 թվականի հոկտեմբերի 13-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

ԿԱՐԳ

ԿԱՄԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ԿԱՄ ԵՐԱՇԽԱՎՈՐԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի (այսուհետև՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կամավոր աշխատանքի ժամանակահատվածն աշխատանքային փորձառություն համարելու վերաբերյալ տեղեկանքի կամ երաշխավորագրի տրամադրման կարգը։

2. Օրենքով սահմանված կարգով կատարված կամավոր աշխատանքի ժամանակահատվածը համարվում է աշխատանքային փորձառություն՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպության (այսուհետև՝ Կազմակերպություն) կողմից սույն կարգին համապատասխան տրամադրված տեղեկանքի կամ երաշխավորագրի հիման վրա։

3. Հիմք ընդունելով Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը՝ կամավորն իրավունք ունի Կազմակերպությունից ստանալու իր կատարած կամավոր աշխատանքի վերաբերյալ սույն կարգի 6-րդ կետով սահմանված կարգով ներբեռնված տեղեկանք (այսուհետև՝ Տեղեկանք) կամ երաշխավորագիր (այսուհետև՝ Երաշխավորագիր) Կազմակերպությանը գրավոր դիմելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում։

4. Հիմք ընդունելով Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ Կազմակերպությունը պարտավոր է գրավոր դիմելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամավորին տրամադրել Տեղեկանք կամ Երաշխավորագիր կատարված կամավոր աշխատանքի վերաբերյալ։

5. Տեղեկանքը կամ Երաշխավորագիրը տրամադրելու նպատակով Կազմակերպությունը սույն կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետում «Աշխատանքի էլեկտրոնային բորսա» (այսուհետև՝ Հարթակ) համապատասխան պատուհանում լրացնում է կամավորի վերաբերյալ հետևյալ տվյալները.

1) Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը,

2) կամավորի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, ինչպես նաև հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),

3) կամավորի` անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

4) կամավոր աշխատանքը սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը,

5) կամավոր աշխատանքն ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը, եթե Տեղեկանքի կամ Երաշխավորագրի լրացման պահին կամավոր աշխատանքը դեռ ավարտված չէ,

6) «սույն փաստաթղթի տրամադրման ամսաթվի դրությամբ կամավորը դեռևս կատարում է իր հետ կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով սահմանված կամավոր աշխատանքը» գրառումը, եթե Տեղեկանքի կամ Երաշխավորագրի լրացման պահին կամավոր աշխատանքն ավարտված չէ,

7) կամավորի հետ կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագրով սահմանված կամավոր աշխատանքի անվանումը կամ գործառույթները կամ նկարագրությունը։

6. Հարթակի համապատասխան պատուհանում սույն կարգի 5-րդ կետով նախատեսված տվյալները լրացնելուց հետո Տեղեկանքը կամ Երաշխավորագիրը ներբեռնվում են հարթակից ինքնաշխատ տարբերակով, որտեղ արտացոլված է լինում նաև Տեղեկանքի կամ Երաշխավորագրի ներբեռնման ամսաթիվը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել