Կհստակեցվի վարձու աշխատողներին տրվող ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի արդյունքում կհստակեցվի վարձու աշխատողներին տրվող ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգը և նպաստը նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի (տեղեկատվության) կազմը։

Հիմնավորման մեջ նշված է, որ նախագիծն ընդունվելու դեպքում նախկինում զինծառայող հանդիսացող վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության կամ մայրության նպաստը հաշվարկելիս հնարավոր կլինի հաշվառել օրենքով սահմանված եկամուտը։ 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձու աշխատողներին տրվող ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կարգը սահմանված է Կառավարության որոշման  հավելվածով, նախագծով առաջարկվում է նշված կարգում համապատասխան փոփոխություններ կատարել և սահմանել, որ՝

  1. այն դեպքում, երբ հաշվարկային ժամանակահատվածում վարձու աշխատողին վերաբերող  տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա անձը նպաստ հաշվարկող գործատուին է ներկայացնում խնդրո առարկա ժամանակահատվածում իր եկամուտների մասին գործատուի տված տեղեկանք,
  2. հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսները, որոնց ընթացքում անձի վերաբերյալ տեղեկատվությունը համարվել է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար գործատուն տեղեկանք տրամադրելիս որպես եկամուտ պետք է նշի օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը (նպաստը հաշվարկվելու է այդ եկամտից),
  3. գործատուի տրամադրած՝ խնդրո առարկա տեղեկանքի կազմը,
  4. անցումային դրույթներով հնարավորություն է տրվում հետադարձությամբ վերահաշվարկել արդեն վճարված նպաստը՝ գործատուի (ում մոտ աշխատելու ժամանակահատվածում վարձու աշխատողին վերաբերող տեղեկատվությունը համարվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն) տրամադրած տեղեկանքը նպաստը հաշվարկող գործատուին ներկայացնելու միջոցով»,- ասված է հիմնավորման մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել