ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ եկեղեցու բակում թողնված երեխան տուն է վերադառնում։
«Շուրջ երկու ամիս մանկատանն անցկացնելուց հետո փոքրիկ գեղեցկուհին վերամիավորվեց ընտանիքի հետ։ Ոստիկանության, «Երևանի Մանկան Տուն» ՊՈԱԿ-ի և մի շարք այլ գերատեսչությունների համատեղ աշխատանքի շնորհիվ փոքրիկն այսօր կքնի ոչ թե մանկատան, այլ իր տան օրորոցում։
Մանկատան տնօրենի խոսքով՝ սա այն դեպքն է, երբ բոլորն աշխատել են մեկ նպատակի շուրջ՝ կարևորելով երեխայի շահը, ինչի շնորհիվ էլ այսօր ունենք այս դրական արդյունքը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերվել էր առանց խնամքի թողնված երեխա և տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Նորածինը մայիսի 15-ին բժշկական կենտրոնից դուրս էր գրվել և տեղափոխվել մանկատուն։
Ոստիկանությունը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ցուցաբերելով մարդասիրական մոտեցում, աջակցել են նորածնի մորը հայտնաբերելու և բալիկի հետ միավորվելու հարցում։
Մանկատան աշխատակիցները հուզված էին: Սովորել և կապվել էին երեխային, բայց նաև ուրախ էին, որ նա միավորվեց ընտանիքի հետ։
Իսկ ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում կպահի փոքրիկին, կլինի նրա և մայրիկի կողքին»,-նշված է հաղորդագրության մեջ։
Iravaban.net-ի պատրաստած տեսանյութը երեխայի մասին՝ այստեղ։