ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նարինե Կիրակոսյանին պատկանող երեխաների զարգացման կենտրոնում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։
Տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Մասնավորապես՝
- սննդի կառույցը նախագծված, կառուցված ու դասավորված չափսերը չեն եղել այնպես, որ բացառեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,
- սննդի կառույցները ապահովված չեն եղել բավարար քանակությամբ բնական և (կամ) արհեստական օդափոխանակությամբ, սանհանգույցը և խոհանոցը գտնվել են նույն վայրում, երեխաների գիշերանոթները գտվել են խոհանոցի տարածքում,
- պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ ու անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները և հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել ու ախտահանվել, և պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից,
- սննդամթերքի արտադրման գործընթացում արտադրողի կողմից չի իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ երեխաների զարգացման կենտրոնի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։