Ընկերությունը պատասխանատո՞ւ է իր բաժնետերերի պարտավորությունների համար

Բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

Ընկերությունը պատասխանատու չէ իր բաժնետերերի պարտավորությունների համար:

Ընկերության բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում նրա պարտավորությունների համար և իրենց պատկանող բաժնետոմսերի արժեքի սահմաններում կրում են Ընկերության գործունեության հետ կապված վնասների ռիսկը:

Եթե Ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ է հանդիսանում բաժնետերերի կամ այլ անձանց գործունեությունը (անգործությունը), որոնք ունեն Ընկերությանը կատարման համար պարտադիր ցուցումներ տալու իրավունք կամ Ընկերության գործունեությունն այլ կերպ կանխորոշելու հնարավորություններ, ապա Ընկերությանը պատկանող գույքը չբավարարելու դեպքում այդ բաժնետերերի կամ այլ անձանց վրա կարող է դրվել լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն` Ընկերության պարտավորությունների համար:

Վերոհիշյալ բաժնետերերի կամ այլ անձանց գործողությունները (անգործությունը) համարվում են Ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ միայն այն դեպքում, եթե նրանք օգտագործել են իրենց այդ իրավունքը կամ հնարավորությունները Ընկերությանը որոշակի գործողություններ կատարել կամ չկատարել պարտադրելու նպատակով, նախօրոք իմանալով, որ այդ պատճառով Ընկերությունը կհայտնվի անվճարունակության (սնանկության) վիճակում:

Հայաստանի Հանրապետությունը և համայնքները պատասխանատվություն չեն կրում Ընկերության պարտավորությունների համար: Ընկերությունն իր հերթին պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության և համայնքների պարտավորությունների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել