Ո՞ր դեպքերում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարող է հսկիչ գնում իրականացնել

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից իրականացվող հսկիչ գնում է համարվում ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրությունը:

Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիսանում`
ա) Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի` Հանձնաժողովի նախագահին ուղղված զեկուցագիրը հսկիչ գնում իրականացնելու վերաբերյալ,
բ) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները:

Հսկիչ գնումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և Հանձնաժողովի` հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված Հանձնաժողովի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հրամանում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):

Հսկիչ գնումից հետո հրամանը ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել