Գործի դատաքննությունը դռնբաց է, բացառությամբ հետևյալ դեպքերի՝ հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, դատավարության մասնակիցների անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով լրատվության միջոցների և հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը սահմանադրական դատարանի նիստերին կամ դրանց մի մասին կարող է արգելվել սահմանադրական դատարանի որոշմամբ՝ սահմանադրական դատարանի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Գործի դատաքննության ընթացքը կարող է գրառվել, ձայնագրվել:
Դատաքննությունը կարող է տեսագրվել և հեռարձակվել սահմանադրական դատարանի որոշմամբ:
Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության որևէ կողմի միջնորդությամբ գործի դատաքննությունը դռնփակ նիստում անցկացնելու հարցը նույնպես քննվում և լուծվում է դռնփակ նիստում:
Դռնփակ նիստում ներկա գտնվելու իրավունք ունեն դատավարության կողմերը, նրանց ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:
Դռնփակ նիստին ներկա անձինք սահմանադրական դատարանի կողմից նախազգուշացվում են դռնփակ նիստում իրենց հայտնի դարձած տեղեկությունների հրապարակման համար պատասխանատվության մասին:
Սահմանադրական դատարանի ըստ էության որոշման, ինչպես նաև եզրակացության եզրափակիչ մասը բոլոր դեպքերում հրապարակվում է դռնբաց նիստում: