Ի՞նչ ընթացք պետք է ունենան քրեական դատավարությանը մասնակցող անձանց միջնորդությունները

Կողմերի միջնորդությունները, ինչպես նաև քրեական դատավարությանը մասնակցող անձանց պահանջները պետք է մտցվեն դատական նիստի կամ այլ դատավարական գործողության արձանագրության մեջ, իսկ գրավոր միջնորդությունները և պահանջները` կցվեն քրեական գործի նյութերին:

Միջնորդությունները և պահանջները պետք է քննության առնվեն և լուծվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո, եթե Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով այլ կարգ սահմանված չէ: Միջնորդության լուծումը կարող է հետաձգվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից մինչև միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում ոչ ժամանակին հարուցված միջնորդությունը թողնվում է առանց քննության:

Միջնորդության և պահանջի վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված: Միջնորդության կամ պահանջի վերաբերյալ ընդունված որոշման մասին քրեական վարույթն իրականացնող մարմինն անմիջապես տեղյակ է պահում դիմողին:

Միջնորդության կամ պահանջի մերժումը չի խոչընդոտում դրա կրկին ներկայացնելուն քրեական դատավարության հետագա փուլերում կամ քրեական վարույթն իրականացնող այլ մարմնին: Քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել