Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ այսօրվա հայտարարությանը՝ նշելով, թե «վրդովեցուցիչ են համարում, որ Հայաստանը, չնայած սահմանազատման բացակայությանը, որպես իրեն պատկանող գյուղերի տարածքներ է ներկայացնում այն մարտական դիրքերը, որտեղ 30 տարի անց տեղակայվել են ադրբեջանցի զինվորները»։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիայի՝ Հայաստանին զենք մատակարարելու քաղաքականությունը նպաստում է հայկական կողմի հնարավոր ագրեսիային, կարևոր է ձեռնպահ մնալ այդ քայլերից, քանի դեռ ուշ չէ»։
Երկրի ԱԳՆ-ն պնդում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տեւական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանը «Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների դադարեցումն է, որը ամրագրված է բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում, գլխավորապես Հայաստանի Սահմանադրությամբ, որն ուղղակիորեն հղում է անում Հայաստանի անկախության հռչակագրին, որն էլ կոչ է անում միավորել Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը»։
«Մենք կրկնում ենք, որ Հայաստանի քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունքի չի բերի», – նշվում է հայտարարության մեջ։