Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նշել է ռուս մասնագետների աջակցության կարևորությունը Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը ռեկորդային ժամկետում վերականգնելու գործում, այս մասին գրում է РИА Новости-ն։
Նա ընդգծել է, որ դա Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող միակ երկաթուղային ճանապարհն է, որի երկար ժամանակ փակ լինելու պարագայում երկրի համար ամենալուրջ բացասական հետևանքները կլինեին։
Ըստ Օվերչուկի՝ դա տեղի չի ունեցել այն բանի շնորհիվ, որ Ռուսաստանը օգնության ձեռք է մեկնել Հայաստանի ժողովրդին։
Նա նշեց, որ ռուս մասնագետներն իրենց հայ գործընկերների հետ միասին շուրջօրյա աշխատել են երկաթուղու բնական աղետի հետեւանքով վնասված հատվածը վերականգնելու համար։ Վթարային վերականգնման աշխատանքների ֆինանսավորումն իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունը՝ երկրի ղեկավարության որոշմամբ։
«Առաջին փորձնական գնացքը վերականգնված գծով մեկնել է հունիսի 14-ին, ինչը սպասվածից մեկ շաբաթ շուտ է, ապաշրջափակվել է Հայաստանի ժողովրդի համար կարևոր երկաթուղային կապը»,- եզրափակել է Ալեքսեյ Օվերչուկը։