Անչափահաս որդու ներկայությամբ կացնով սպառնացել է կնոջը․ հրապարակվել է դատավճիռը

Ռուդիկ Ն․-ն օգտվելով իր կնոջ անօգնական վիճակից կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում մեկ անգամ ապտակել է նրա դեմքին։ Այնուհետև տան խորդանոցից վերցնելով կացինը՝ սկսել է հարվածներ հասցնել մուտքի դռանը, ապա անչափահաս որդու ներկայությամբ, կացինը ձեռքին շրջվելով դեպի կինը, տվյալ իրադրությունում սպանության իրական սպառնալիքներ է հնչեցրել նրա նկատմամբ:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական հարթակից։

Գործը դատարան է ստացվել մարտի 12-ին և մակագրվել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Գեղամյանին։

Ռուդիկ Ն․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով։ Այն է՝ Սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշտանգման, սեռական ազատության կամ անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանք կատարելու, առևանգելու, ազատությունից ապօրինի զրկելու կամ խոշոր կամ առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, ինչպես նաև սոցիալական մեկուսացումը կամ պարբերաբար պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը, որը կատարվել է  մերձավոր ազգականի կողմից՝ զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ։

Գործը քննվել է արագացված վարույթով։

Դատարանը վճռել է Ռուդիկ Ն․-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարման մեջ և դատապարտել կարճաժամկետ ազատազրկման՝ 1 ամիս ժամկետով:

Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել