ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին, կազմակերպվել և ընթանում է դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ համաժողովը։
Միջոցառմանը ներկա են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլի Մարագոսը, ԱՆ փոխնախարար Կարեն Կարապետյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը և ոլորտի այլ մասնագետներ, դատավորներ։
Իր բացման խոսքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ԵՄ-ն եղել է և կա դատաիրավական բարեփոխումների ամենամեծ աջակիցն ու գործընկերը, նաև շնորհակալություն հայտնեց Արդարադատության նախարարությանը, որը մեծ աջակցություն է մշտապես տրամադրում դատաիրավական բարեփոխումների համար։
«Սա դատական համակարգի ամենակարևոր թեման է, ես, իհարկե, հասկանում եմ, որ մենք ունենք հրատապ խնդիրներ, մեզ հետաքրքրում են հայտնի քաղաքական գործեր, այսօր երկիրն ալեկոծված է քաղաքական որոշակի զարգացումներով, արտաքին քաղաքական մարտահրավերներով, ու այդ ամեն ինչի մեջ, երբ ծագում են որոշակի խնդիրներ, օրինակ, ցուցարարների ակտիվություն կամ ոստիկանների հակազդեցություն, առաջի բանը, որ մենք սկսում ենք լսել՝ ինչ են անելու դատարանները։ Մենք, երբ խոսում ենք երկրի տնտեսական, քաղաքական խնդիրների մասին, անպայման նշում ենք դատարանների դերը։ Հաճախ ոմանք փորձում են քավության նոխազ դարձնել դատարանները և մեղավոր ճանաչել դատարաններին»,-նշեց նա։
Նրա խոսքով՝ այսօր դատավորների գնահատման թեման ամենաարդիական թեման է, և այն կառույցները, որոնք հասկացել են, թե ինչքան կարևոր է այն, նշանակում է՝ հասկացել են նաև, թե ինչն է դատաիրավական բարեփոխումների սիրտը։
Անդրեասյանը նշեց, որ այս ոլորտում գործ ունենք դատավորների հանդեպ ընդհանուր անարդարության հետ, ինչը գալիս է և՛ իրենց կատարած աշխատանքի ոչ պատշաճ գնահատումից, և՛ նաև այն բոլոր անարդար մեղադրանքներից, որոնք դատավորները ստանում են։
«10 բալանոց համակարգով բոլոր դատավորները ստանում էին 10 բալ, դա ի՞նչ համակարգ է, որտեղ բոլորը հավասար են, բոլորը նույն կերպ են աշխատում, լավ ու վատ դատավոր չկար, լավ ու վատ դատական ակտ չկար։ Դրա համար է, որ մենք ոչ թե փորձում ենք նոր հեծանիվ հայտնագործել, այլ ընդամենը ստեղծել մի արդար սիստեմ, որով դատավորն արդար կգնահատվի, դրա համար կստանա արդար ազդեցություններ՝ բոնուսի տեսքով, առաջխաղացման տեսքով, ուղղակի հանրային գնահատականի տեսքով, իսկ թերացած դատավորն էլ կստանա հնարավորություն ուսումնական գործընթացների ընթացքում բարելավել իր կարողությունները»,-ասաց Անդրեասյանը։
ԲԴԽ նախագահն ընդգծեց, որ գնահատումը փորձելու են կատարել 1 անգամ՝ բոլորին իրար հետ, միանգամից 5 հանձնաժողովներով, ոչ թե մեկ հանձնաժողովով՝ անվերջանալի մի պրոցեսի տեսքով, սա օգնելու է նաև դատավորներին գնահատման մեջ միմյանց նկատմամբ մրցակցություն տեսնել և առողջ մրցակցություն, ինչի արդյունքում նրանք կփորձեն իրականացնել ավելի արագ ու որակյալ աշխատանք։