Ակադեմիական քաղաքը դառնալու է հանրությանը վերափոխող ամենակարևոր ծրագրերից մեկը. Ժաննա Անդրեասյան

ԱԺ-ում շարունակվել են ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2023 թվականին իրականացրել է 20 բյուջետային ծրագիր՝ 233 մլրդ դրամ ծավալով: Ազգային ժողովում ներկայացնելով ԿԳՄՍ ոլորտներում նախորդ տարվա պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն  անդրադարձել է հատկապես բյուջետային ծրագրերի հանրային ազդեցություններին: 

Նոր չափորոշչի ներդրումը մեծացրել է երեխաների մոտիվացիան 

«Հանրակրթության բովանդակության բարեփոխման և նոր չափորոշչի ներդրման շնորհիվ երեխաների համար 2 տարվա կտրվածքով 6 ամսվա հավելյալ կրթական արդյունք է ապահովվել: Այսինքն` երեխաներին արդյունավետ սովորելու 6 ամիս ենք վերադարձրել` կրճատելով կրթության տևողության և սովորելու արդյունքի միջև տարիներ շարունակ գրանցված տարբերությունը: Դպրոցներում պարտադիր են դարձել նախագծային ուսուցումը, տարբեր խմբակները: Որոշ դպրոցներում ուսուցանվում է արհեստական բանականության դասընթացը, աշխատանք է տարվում կրեդիտային համակարգի  ներդրման ուղղությամբ: Պետությունը սկսել է ֆինանսավորել երկարօրյա հավելյալ դասեր՝ ցածր առաջադիմությամբ աշակերտների  համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ նոր չափորոշչի ներդրումը հանգեցրել է սովորելու ուղղությամբ երեխաների մոտիվացիայի և հետաքրքրվածության աճի:

Ակադեմիական քաղաք

ԿԳՄՍ նախարարի դիտարկմամբ՝ ամենակարևոր ծրագրերից մեկը «Ակադեմիական քաղաքն» է, որի իրագործումը արմատապես փոխելու է մեր երկրի կրթության մթնոլորտն ու միջավայրը. «Նախորդ տարին սկսել ենք ակադեմիական քաղաքի նպատակադրմամբ և ցանկությամբ, իսկ տարին ավարտել ենք քաղաքի հաստատված հայեցակարգով, ծրագրի իրականացման համար ստեղծված ու ինտենսիվ աշխատող հիմնադրամով, լավագույն նախագծող ընկերություններից մեկի կողմից քաղաքի գլխավոր հատակագծի մշակման ընթացքով, որը կավարտվի առաջիկա մեկ ամսում: Քաղաքի համար տեղորոշված շուրջ 700 հա տարածքում  ակադեմիական քաղաքի ստեղծման նպատակով միջազգային լավագույն բուհերի հետ ձեռքբերված համաձայնություններ կան, սկսվել են աշխատանքներ բուհերի խոշորացման, գիտահետազոտական կազմակերպությունների միավորման ուղղությամբ»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս պահին էլ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում ակադեմիական քաղաքի տրանսպորտային նախագծի, քաղաքաշինական զարգացման, կառավարման ու ֆինանսավորման համակարգի ուղղությամբ: ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել՝ ակադեմիական քաղաքը դառնալու է հանրությանը վերափոխող ամենակարևոր ծրագրերից մեկը:

Գործում են ուսուցիչների աշխատավարձի բարձրացման տարբեր ծրագրեր

ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ նախորդ տարի բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների 8420 ուսուցչի աշխատավարձը բարձրացել է 25 տոկոսով, իսկ գյուղական բնակավայրերի փոքր դպրոցներում աշխատող բոլոր առարկաների շուրջ 3000 ուսուցիչների աշխատավարձը` մինչև 50 տոկոսով կամ ավելի քան 40 հազար դրամով: Կամավոր ատեստավորման միջոցով շուրջ 3830 ուսուցիչ առնվազն կրկնապատկել է վարձատրությունը, տարակարգի նոր մեխանիզմով ավելի քան 100 ուսուցիչ ևս 50 տոկոս հավելավճար է ստանում:

«Այս մեխանիզմները մեր երկրում իրականություն են դարձրել 300 հազար, 400 հազար դրամ վարձատրությունը հարյուրավոր ուսուցիչների համար: Ունենք մինչև 600 հազար դրամ վարձատրություն ստացող ուսուցիչներ, որոնք առաջին հերթին իրենց աշխատանքի և ջանքի արդյունքում օգտվել են Կառավարության ընձեռած հնարավորություններից: Այս ամենի շնորհիվ նախորդ տարի համակարգում գրանցել ենք ավելի քան 3300 նոր ուսուցիչ: Առաջին հայացքից  անհավատալի արդյունք է, որը գրանցել ենք շնորհիվ նրա, որ չնայած քննադատություններին ու թերահավատությանը՝ շարունակաբար ջանք ենք դրել ուսուցչի աշխատանքը գրավիչ ու մրցունակ դարձնելու ուղղությամբ: Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ արձագանքում են Կառավարության քաղաքականությանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ դպրոց նոր մուտք գործած 3300 ուսուցիչների 16%-ը տղամարդիկ են:

Նախարարը նշել է նաև՝ 3300 ուսուցիչների կեսից ավելին աշխատանքի է անցել գյուղական դպրոցներում. 32%-ը մինչև 30 տարեկան են, իսկ 39%-ը՝ 31-40 տարեկան, ինչը, նախարարի դիտարկմամբ, նաև սերնդափոխության լավ ցուցանիշ է: Ուսուցիչները հատկապես ակտիվ են ներգրավվել բնագիտական առարկաների, ֆիզկուլտուրայի ուղղությամբ, որտեղ տարիներ շարունակ ուսուցիչների պակասի խնդիր է եղել:

«Ճիշտ ճանապարհին ենք և արդեն իսկ ունենք մի համակարգ, որտեղ ուսուցչի աշխատանքը դառնում է գրավիչ»,- ասել է նախարարը:

Հետազոտողների թվի աճ գիտության ոլորտում

Նախորդ տարվա արդյունքներով գիտության ոլորտ են մուտք գործել շուրջ 150 նոր հետազոտողներ: Դրանով շարունակվել է 2022 թ. սկսված միտումը, որով տասնամյակներից հետո առաջին անգամ գիտության ոլորտում ոչ թե հետազոտողների թվի նվազում է գրանցվել, այլ՝ աճ: 2 տարվա արդյունքում շուրջ 350 նոր հետազոտող է ընդգրկվել բազային ծրագրերում, որոնց մեծ մասը երիտասարդ գիտնականներ են:

 «Այս ամենը շնորհիվ նրա, որ գիտության ոլորտում 2021 թ. սկիզբ դրված ծրագրերը տալիս են իրենց արդյունքը: Գիտնականների աշխատավարձն արդեն 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ աճել է մինչև 267%-ի չափով: Գիտության  ֆինանսավորումը 2018 թվականի համեմատ աճել է շուրջ 280%-ով: Սա միջազգայնորեն մրցունակ է դարձրել գիտության ֆինանսավորումը, որի վառ ապացույցն են նաև այն թվերը, որոնք ունենք տարբեր երկրների գիտնականների՝ մեր ծրագրերին  մասնակցության առումով: Այսօր մենք չունենք միջոցի խնդիր: Ունենք որակի և արդյունավետության խնդիր, որի պատճառով, օրինակ, նախորդ տարի ամբողջ բյուջեն չենք բաշխել՝ որակական հստակ պահանջներ սահմանելով ներկայացված հայտերի համար»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:

Մշակույթ. պետական հոգածություն և ստեղծարար տնտեսություն 

Մշակույթի ոլորտում, ըստ նախարարի, կարևորագույն աշխատանք էր «Մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարության» ընդունումը: Նախարարի խոսքով՝ մշակույթն, իհարկե, պետական և հանրային հոգածության հատուկ կարիք ունի, սակայն այն նաև ժամանակակից, ստեղծարար տնտեսության կարևոր ճյուղ է. 

«Պահպանել և զարգացնել, ձևավորել ինքնաբավ, չխեղճացած համակարգ, որը դուրս է գալիս անընդհատ փող խնդրողի ավանդական դերից՝ դառնալով հանրային բարիք ստեղծող և գեներացնող»,- նշել է նախարարը

Այս ուղղությամբ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հատկապես թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, որով խթանվում է մշակութային ակտիվ գործունեությունը՝ կրկնապատկելով հաստատության գրանցած սեփական եկամուտները պետության կողմից: Նախորդ տարի պիլոտային ծրագիրը ներդրվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այս տարի՝ նաև Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում:

«Օպերայի թատրոնում աշխատավարձերի ավելի քան 40% աճ է գրանցվել, խաղացանկում նոր ներկայացումներ են՝ նաև հրավիրված արտիստների և բեմադրիչների մասնակցությամբ: Կինեմատոգրաֆիայի օրենքի փոփոխությամբ ներդրել ենք ներդրումների մասնակի վերադարձի ծրագիրը համատեղ ֆիլմարտադրության պարագայում՝ 10-40% վերադարձի հնարավորությամբ, որն արդեն իսկ մեծ հետաքրքրություն է առաջացրել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Նախարարն անդրադարձել է նաև թանգարաններում տոմսերի գնային քաղաքականությանը՝ նվազագույնը 1000 դրամ սակագնով, իսկ մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար դարձնելով: Ընդ որում՝ տոմսերի վաճառքից թանգարանների եկամուտներն ավելացել են շուրջ 50%-ով:

«Ավելի քան 14 տարվա ընդմիջումից հետո վերականգնել ենք թանգարանների համալրման բյուջեն, ինչի շնորհիվ թանգարաններն այժմ իրենց հավաքածուները համալրելու հնարավորություն ունեն: Էապես ավելացել է թանգարանների միջազգային համագործակցությունը: Այս տարվա սեպտեմբերին Բրիտանական թանգարանի հետ համատեղ ցուցադրություն ենք սպասում Հայաստանի պատմության թանգարանում: Քննարկվում է Լուվրի և այլ խոշորագույն թանգարանների հետ համատեղ ցուցադրությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև ներկայացրել է՝ էական միջոցներ են հատկացվել հուշարձանների վերականգնման և ամրակայման աշխատանքների նպատակով. նախորդ տարի այն կազմել է ավելի քան 563 մլն դրամ, որը շուրջ երկու անգամ ավելի է, քան 2022 թվականին:

Արգելոց-թանգարանների շուրջ սկսվել է տեղեկատվական մոդուլային կենտրոնների ձևավորումը: Ավելի քան 20 տարվա դադարից հետո նոր հուշարձան է ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում գրանցման: Ոչ մշակութային ժառանգության ուղղությամբ կարևոր աշխատանքներ են արվել՝  Գյումրու դարբնության ավանդույթը գրանցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցանկերում, թվային շտեմարաններ ստեղծելով ազգային ավանդական ավելի քան 250 ուտեստների համար:

Նախարարի խոսքով՝ աշխատանքի կարևոր ուղղություն է եղել նաև մշակույթի ապակենտրոնացումը, որի շրջանակում իրականացվում է «ՖԵՍՏԻՎԱՌ» երաժշտական մարզային փառատոնը, այն այսուհետ կկրի ամենամյա բնույթ: Իրականացվում են նաև հոգևոր երաժշտության ամենամյա փառատոնը, ինչպես նաև հեղինակային երգի փառատոն Ջերմուկում, որն այս տարվանից նաև մրցութային կդառնա:

Սպորտ. 10 խոշոր միջազգային առաջնությունների պայմանավորվածություններ կան

Սպորտի ոլորտում շուրջ 10.3 մլրդ դրամի պետական ներդրումներ են իրականացվել, ինչը շուրջ 5 անգամ ավելի է 2018 թ. նույն ցուցանիշից: Նախարարի գնահատմամբ՝ հենց այս շարունակական ջանքերի շնորհիվ է, որ մեր մարզիկները 2023 թ. գրանցել են աննախադեպ արդյունք՝ միջազգային ամենատարբեր հարթակներում նվաճելով 445 մեդալ:

«Նախորդ տարվա դեկտեմբերին հաստատել ենք ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարությունը, որն այս ոլորտում առաջին նմանօրինակ փաստաթուղթն է: 5 խոշոր միջազգային առաջնություններ ենք անցկացրել՝ նախորդ 30 տարիների հանրագումարի չափով: Դրանց իրականացման բարձր մակարդակը Հայաստանը դարձրել է կարևոր վայր միջազգային սպորտային քարտեզում: Առաջիկա տարիների համար արդեն շուրջ 10 խոշոր միջազգային առաջնությունների պայմանավորվածություններ ունենք»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:

Հիմնական ռեսուրսը մարդն է

Ամփոփելով խոսքը՝ նախարարն ընդգծել է, որ մարդկային կապիտալի զարգացումն այլընտրանք չունի:

«Մարդն է մեր երկրի հիմնական ռեսուրսը, որը կառավարության տեսլականն է: Այս մոտեցումը հիմնավորվում է շատ պարզ փաստով. համավարակի պայմաններում և դրանից հետո նույնիսկ զարգացած երկրներում կրթության ոլորտին հատկացվող պետական միջոցները նվազեցին միջինում 13%-ով: Չնայած դրան ու նաև այն հանգամանքին, որ, բացի համավարակից, մեր պետության առջև բազմաթիվ այլ մարտահրավերներ են ծառացել, վերջին տարիներին կրթությանը հատկացվող միջոցների աճ ենք գրանցում յուրաքանչյուր տարի: 2024 թ. այդ աճը 2023 թ. նկատմամբ 38% է: Սա է ճանապարհը՝ զարգացման օրակարգը դարձնել գերակայություն և դրան հետևել հետևողական ու առանց հոգնելու»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել