Հենց հիմա զանգե՛ք Ներքին գործերի նախարարին և ասեք, որ դադարեցնի ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ։ Այս մասին Ազգային ժողով կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
«Երևանում ոչ մի կաթիլ արյուն չպետք է թափվի։ Դուք կորցրել եք Ձեր լեգիտիմությունը, այլևս Ձեր միակ հենարանը ոստիկանական ուժն է։ Դադարեցրե՛ք սա»,-ասաց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը զանգել է ՆԳ նախարարին ԱԱԾ տնօրենին և նրանք իրեն զեկուցել են իրադրությունը։
«Չի կարելի ասել՝ թողեք, մենք գնանք ԱԺ-ի շենքը շրջափակենք»,-ասաց վարչապետը։
Աննա Գրիգորյանն ասաց, որ կա լուսանկար, որ մարդու ձեռքը կտրված, ընկած է։ Ինչին արձագանքելով Նիկոլ Փաշինյանն ասաց ․ «Կա՞ նման բան»։
Պատգամավորն ասաց, որ դա ճշտված ինֆորմացիա է։
«Բավ չէր այն արյունը, որ սահմանների երկայնքով է թափվել։ Ամենից շատ դուք Ձեր աթոռն եք սիրում»,-նշեց Աննա Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլոր լուսանկարները կուսումնասիրվեն, կքննվեն։
«Եվ եթե պարզվի, որ ՀՀ օրենսդրությունից դուրս բան է տեղի ունեցել, պետական ինստիտուտներն կարձագանքեն»,-ասաց վարչապետը։