Հարկերից խուսափող տնտեսվարողը ոչ պակաս մեղավոր է կոռումպացված պետական աշխատողից. ֆինանսների նախարար

Հայաստանի 2023 թվականի բյուջեի եկամուտների 94.2 տոկոսը ձևավորվել է քաղաքացիների և բիզնեսների կողմից վճարված հարկերի և տուրքերի միջոցով և ավելի է եղել նախորդ տարվա ցուցանիշից 0.7 տոկոսային կետով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«2023 թվականին մեկ շնչին բաժին ընկնող միջին հարկի ցուցանիշը կազմել է գրեթե 750 հազար դրամ: Համեմատության համար նշեմ, որ 5 տարի առաջ մեկ շնչին բաժին ընկնող հարկի ցուցանիշը կազմում էր 424 հազար դրամ, իսկ 10 տարի առաջ՝ 331 հազար դրամ: Նշած ցուցանիշները ոգևորվելու և հպարտանալու տեղիք են տալիս: Եվ սա է հիմնավորումը, որ մենք դարձել ենք ավելի հարուստ, ավելի արտադրողական և ավելի մրցունակ մի կողմից, մյուս կողմից հարկման համակարգում փորձում ենք հնարավորինս արդարացի և հավասար բաշխում իրականացնել, ինչպես նաև հարկման տարբեր համակարգերի միջև համադրելի և արդարացի հարկային բեռ սահմանելու ուղղությամբ էական աշխատանքներ ենք իրականացնում»,–ասաց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց՝ հարկեր վճարելը ոչ միայն ֆինանսական կարիքները բավարարելուն կամ երկրի կառուցման գործում քաղաքացիների մասնակցության չափի մեծացմանն է ուղղված, այլ նաև սոցիալ–տնտեսական արդարության վերականգնման նպատակ է հետապնդում:

0.7 տոկոսով հարկեր–ՀՆԱ բարելավումը նա համարեց հարկային վարչարարության մեծ ջանքերի արդյունք: Ըստ նրա՝ հարկ վճարելուց խուսափելն ուղիղ իմաստով նշանակում է գողանալ հանրային բարիքը, լայն իմաստով նշանակում է վնասել տնտեսական գործունեություն իրականացնող մյուս քաղաքացիների ոգևորությունն ու շարժառիթները, էլ ավելի լայն իմաստով խոչընդոտում է արդարության իրագործմանը և հավասար հնարավորություններ ունենալու կենսական նախապայմանին:

«Հարկերից խուսափող տնտեսվարողը ոչ պակաս մեղավոր է կոռումպացված պետական աշխատողից: Եվ քանի որ մենք խիստ պայքար ենք մղում պետական համակարգում կոռուպցիայի ցանկացած դրսևորման դեմ, խստացնում ենք նաև հարկերից խուսափելու համար սահմանված պատժի մեխանիզմները»,–ասաց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել