Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր:
Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
«Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի հետ նախագահին ուղեկցել եմ նախ Մ6 միջպետական ճանապարհի «Թուֆենկյան» հյուրանոցի հատված:
Նախագահին ներկայացրել եմ իրականացվող աշխատանքների ընթացքը: Վերականգնված հատվածներում ճանապարհը երթևեկելի է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար։
ՀՀ նախագահը ծանոթացել է նաև Ալավերդու՝ հեղեղումներից տուժած Սանահին կայարան թաղամասում և Թումանյան փողոցում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին, զրուցել բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել նրանց կարիքների և խնդիրների մասին:
Նախագահն այցելել է նաև Ախթալա բնակավայր, որտեղ ներկայացվել է ժամանակավորապես կառուցված մետաղական կոնստրուկցիաներով կամուրջը՝ նախատեսված մարդատար մեքենաների համար:
Կամուրջը հնարավորություն է տվել վերականգնելու կապը 6 բնակավայրի հետ:
Այցի հաջորդ կանգառը եղել է Քարկոփ բնակավայրը, որն ամբողջությամբ հեղեղվել էր աղետի առաջին օրը։ Այստեղ մեծ ինտեսիվությամբ վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: Այցելություն է կատարվել նաև Քարկոփի միջնակարգ դպրոց»,-գրել է նա։