Ընտրողները հնարավորություն կունենան ծանոթանալ ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկություններին. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Օրենքի նախագծով սահմանվում է դրույթ, որով ԿԸՀ-ի և ՆԳՆ պաշտոնական կայքի միջոցով մինչև քվեարկության օրը տեղադրվում է ընտրողների ցուցակը, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան (հայրանունը՝ համապատասխան անձը հաստատող փաստաթղթերում առկայության դեպքում), ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա և ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի, իսկ վերջնական ցուցակը՝ նաև տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը:

Ներկայիս կարգավորումների համաձայն՝ մեկ համայնքում մեկից ավելի ընտրական տեղամաս կազմավորելու դեպքում լիազոր մարմնի՝ սահմանված կարգով տեղեկացումները ընտրողներին նշված տեղեկատվության բովանդակությամբ ուղարկվում էին թղթային տարբերակով:

Հիմնական զեկուցող ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիական ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ այս կարգավորումը այլևս հնացած է, այն գործում է 2006 թվականից, մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ այս եղանակով տեղեկացումն այլևս արդյունավետ չէ, քանի որ թղթային տեղեկացումները շատ հաճախ վերադարձվում են հասցեատերերի տեղափոխված լինելու հիմքով կամ «Չպահանջված» նշումով:

«Բացի դրանից՝ սա նաև հավելյալ ծախս է պետբյուջեի համար: Նշեմ, որ Երևանի 2023 թվականի ավագանու ընտրությունների մասով պետական բյուջեից այս մասով ծախսվել է 270 միլիոն դրամ, և հետագայում այս ծախսերից խուսափելու, ինչպես նաև ընտրողներին առավել արդյունավետ տեղեկացվածության բարձրացման գործիքներ կիրառելու համար ԿԸՀ-ն ևս նախատեսում է մի շարք նոր գործիքների կիրառում, էլեկտրոնային ծանուցումների որոշակի եղանակի ներդնում: Մինչ այդ այս եղանակը կկիրառվի ԿԸՀ-ի և ՆԳՆ-ի կայքերում: Հերթական ընտրությունների պարագայում վերջնական ցուցակները մինչև 7-րդ օրը կտեղադրվեն, ինչպես նաև արտահերթ ընտրությունների պարագայում, իսկ հերթական ընտրությունների պարագայում նախնական ցուցակները կտեղադրվեն մինչև 40-րդ օրը, արտահերթի պարագայում՝ մինչև 20-րդ օրը»,- տեղեկացրեց Ղազարյանը:

Նպատակ ունենալով երաշխավորել ընտրողների ցուցակների հասանելիությունը և ընտրական ամբողջ գործընթացի թափանցիկությունը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում՝ նախատեսելով ընտրողների ցուցակները և համապատասխան տեղեկությունները հրապարակելը և հանրամատչելի դարձնելը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական համացանցային կայքի միջոցով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական համացանցային կայքում ցուցակների հրապարակումը նպատակահարմար է նաև հաշվի առնելով կայքի օգտագործման արդեն իսկ առկա փորձառությունը:

Մասնավորապես՝ ընտրություններից հետո ընտրողների ցուցակները հրապարակվում են կայքում, ինչպես նաև կայքում առկա է որոնման հնարավորություն, ինչը թույլ է տալիս անձնական տվյալները հավաքելու արդյունքում տեղեկություն ստանալ անձի ընտրատեղամասի մասին: Ընտրություններից առաջ ընտրողների ցուցակները նույն կայքում հրապարակելը գործընթացը առավել թափանցիկ և մատչելի դարձնելու լրացուցիչ երաշխիք է:

Հարակից զեկուցող, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Դավոյանի խոսքով՝ նախագծի ընդունումը ընտրողներին թույլ կտա հանրամատչելի և հրապարակայնորեն հասանելի եղանակով ծանոթանալ ընտրության անցկացմանը վերաբերող տեղեկություններին, այդ թվում՝ ընտեղամասին, որտեղ պետք է քվեարկեն՝ առավել արդյունավետ ապահովելով ընտրողների ընտրական իրավունքի իրացումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել