Ժամը 15։30-ին եկեք Բաղրամյան, այստեղ եղեք, որ մեր խնդիրների լուծմանն անցնենք․ Սրբազանը կոչով դիմեց ժողովրդին

Առիթը օգտագործելով՝ դիմում եմ ժողովրդին՝ ժամը 15։30 եղեք այստեղ՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկ, մեր հանդիպման վայրը, որովհետև ժամը 16։00-ին ԱԺ խորհրդի նիստն է․ այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Այստեղ եղեք, որ մեր խնդիրների լուծմանն անցնենք։ Կարևոր է բոլորի ներկայությունն անխտիր»,- հայտարարեց նա։

Դիտարկմանը՝ ոստիկանությունը հայտարարել է, թե երեկվա դեպքերի հետ կապված, թե կանխատեսել են՝ հնարավոր է պետական պահպանության շենք գրավեն, դրա համար չեն թողել պատգամավորներին ԱԺ մուտք գործել, Սրբազանն ասաց․ «Մենք երբևէ շենք գրավելու մասին խոսե՞լ ենք։ Այդ շենքերը մերն են, գրավելու կարիք չունենք։ Բայց հաշվի առնելով ԱԳՆ դիմաց իրենց ցուցաբերած վարքը՝ հատկապես այդ մի քանի ղեկավար կոչվածներինը, ամեն ինչ պարզ է արդեն՝ ամբողջ գործողություններն ապօրինի են, որևէ օրինակ հիմք չունեն։ Բնականաբար, մենք մեր օրինական պահանջներն իրականացնելու ենք»,- հայտարարեց նա։

Ինչ վերաբերում է այսօր սպասվող նիստին, Սրբազանն ասաց, որ նախ պետք է անվստահություն հայտնելու մասին նիստը տեղի ունենա, հաջորդական քայլերը, ըստ այդմ, կարվեն․ «Արդյունքը պետք է լինի այս մարդու կա՛մ հեռանալը, կա՛մ հեռացումը, ուրիշ ճանապարհ չկա Այս հաստատակամ ժողովուրդը հիմա անձրևի տակ է, գիշերն էլ նույն վիճակն էր մի հոգի չի գնացել, սա է ամենամեծ սարսափը այս մարդկանց։ Ոստիկանական շարքերը խելոք են»։

Ճշտող հարցին էլ՝ կա՞ն երաշխիքներ՝ երբ արտահերթ նիստ հրավիրվի, ՔՊ-ականները քանակ կապահովեն, որ նիստը կայանա, նա պատասխանեց․ «Կերևա, ընթացքը գնում է, կշարունակվի, կտեսնենք»։

Հիշեցնենք, որ երեկ հրավիրված հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարել է․ «Այս պահին մենք պետք է որոշում ընդունենք։ Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած, ընդամենը 4 օր` 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի ու առանց քնելու լինենք փողոցում ու մեր կամքը պարտադրենք։

Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին․

1․ Մեր պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հունիսի 11-ին, ժամը 16․30-ին նախաձեռնում են խորհրդարանի նիստ՝ Կառավարության հրաժարականի ու նոր Կառավարություն ձևավորելու օրակարգով։

2․ Հունիսի 10-ին ԱԺ Խորհուրդը պարտավոր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշում կայացնել։

3․ Համաժողովրդական պահանջի հիման վրա, խորհրդարանն արտահերթ նիստով հավանություն է տալիս Կառավարության հրաժարականի և նոր Կառավարություն ձևավորելու որոշմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել