ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 5-ին՝ ժամը 17.10-ին, Արծվանիստ-Վարդենիս ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի պարեկները կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Տրանսպորտային միջոցը չէր անցել տեխնիկական զննություն, մեքենայի կողային ապակիները մգեցված էին, վարորդը վարում էր առանց ամրագոտու և ծխում էր:
Դեպի Գեղարքունիքի մարզ ուղևորվող ավտոերթի մասնակից գյումրեցի 44-ամյա վարորդին ներկայացվել են մեքենան կանգնեցնելու բոլոր պատճառները, սակայն նա չի համաձայնել իրավախախտումների հետ, ստեղծել է կոնֆլիկտային իրավիճակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, սպառնացել ոստիկանության ծառայողներին և հայհոյանքներ հնչեցրել բարձրաստիճան ղեկավարների հասցեին: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Այստեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ եղած պոլիէթիլենային տոպրակում գտնվող անձնական իրերի մեջ հայտնաբերվել է «լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոցի չորս հաբ:
Սրանց վերաբերյալ վարորդը որևէ բացատրություն չի տվել, միայն հայտնել է, որ օգտվում է իր լռելու իրավունքից:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: