Այսօր՝ Մայիսի 28-ին, Հանրապետության տոնի առթիվ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Սարդարապատի հուշահամալիրում է։ Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ասաց, որ այս օրը նշում են մեր բոլոր ժամանակների «ամենանվաստ ու ամենաանպատիվ» շրջանում․ «Չպետք է ընկճվենք, հուսահատվենք ու նահանջենք։ Մեր տառապանքներն ու ցավերը, մեր կորուստները մղում են մեզ էլ ավելի մեծ սխրանքների»։
Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատի հուշահամալիր չգալու մասին՝ դրա վերաբերյալ հայտնելով իր դիրքորոշումը։
«Երկու պատճառով այդ մարդը չի եկել։ Մեկը, որ նա այլևս որևէ ձևով կապ չունի մեր երկրի հետ, որևէ կերպ, մեր խորհրդանիշների, սիմվոլրների, հռչակել է պատմական ու իրական Հայաստանների մասին աբսուրդը։ Սա երևի իր մտքի մեջ պատմական Հայաստանի մաս է ու իրական Հայաստանի հետ կապ չունի։ Եվ երկրորդը՝ միգուցե դրսից թելադրել են, որ չես գնալու։ Սահմանից այն կողմ երկիր կա։
Այդ մարդը հատել է բոլոր սահմանագծերը՝ և՛ իրավական, և՛ մարդկային, և՛ բարոյական։ Եվ այս օրը նրա այստեղ չգտնվելը դրա վկայությունն է։
Ես չգիտեմ՝ դա սեփական որոշում է, թե թելադրված որևէ տեղից, բայց փաստն այն է, որ այսօր այստեղ մենք ենք և այսօր դուք հերթական անգամ արձանագրում եք այն հաղթանակը, որ Սրբազան պայքարի բովով անցնում ենք»,-ասաց Սրբազանը։