Տեղի ունեցածը մեծ հաջողություն է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը նախ եղել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո պատասխանատուները տեղում ներկայացրել են սահմանազատումից հետո ԱԱԾ Սահմանապահ ծառայության ծառայողների տեղակայման աշխատանքների ընթացքը: 

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ ուղեկալ՝ ծանոթացել ծառայության ընթացքին և ուղեկալում առկա պայմաններին: Նշվել է, որ ուղեկալը ժամանակավոր կառույցում է տեղակայվել, առաջիկայում նախատեսվում է կառուցել ուղեկալի նոր շենք: 

Այնուհետև վարչապետը եղել է Կիրանցում կառուցվող նոր դպրոցում, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին, որից հետո զրուցել բնակիչների հետ: 

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներին, անդրադարձել  Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, պատասխանել հնչեցված հարցերին, որոնք վերաբերել են ենթակառուցվածքներին, հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կհասցեագրի  բոլոր խնդիրները և դրանց կտրվեն անհրաժեշտ լուծումներ: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով կառավարության կողմից 16 մլն դրամ հատկացնելու ծրագրին: Վարչապետի խոսքով՝ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի այն բնակիչներին, որոնք կդառնան 16 մլն դրամ ծրագրի շահառու, ևս 5 մլն դրամ կհատկացվի, այդ թվում՝ արդեն ծրագրից օգտվողներին: Վարչապետը հույս է հատնել, որ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում կյանքն այդ գյուղերում կզարգանա, մարդիկ նոր տներ կկառուցեն: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեղի ունեցածը մեծ հաջողություն է, և կառավարության նպատակներից է ստեղծել անվտանգության երաշխիքներ սահմանազատման միջոցով: Վարչապետը նշել է, որ ամեն ինչ արվելու է գործընթացը շարունակելու համար: 

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետը կարևորել է որակյալ և ժամանակին իրականացումը և պատասխանատուներին տվել հանձնարարականներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել