Մինչև 2 տարեկան երեխաների համար մանկապարտեզ հաճախելու հնարավորություն կստեղծվի

Հաջորդ ուսումնական տարվանից մինչև 2 տարեկան երեխաների համար մանկապարտեզ հաճախելու հնարավորություն ստեղծելու նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 23-ին հայտնեց ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ մանրամասնելով, որ սկզբում ծրագիրը պիլոտային բնույթ կկրի։

«Երևանի Գյումրիի, Հրազդանի և Վանաձորի 9 մանկապարտեզներում 1-2 տարեկան երեխաների համար կստեղծվեն առանձին՝ փոքրիկների խմբեր, իսկ Երևանի մեկ մանկապարտեզում 6-12 ամսական երեխաների համար ենք փորձում պիլոտային խումբ բացել, որովհետև մենք հիմա ունենք բազմաթիվ ծնողներ, որոնք բավականին շուտ վերադառնում են աշխատանքի և իրենց երեխային խնամելու խնդիր են ունենում»,-ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ընդունելությունը կիրականացվի համայնքների համապատասխան հայտարարության և հերթագրման հիման վրա ։

Ընդհանուր առմամբ՝ պիլոտային ծրագրով 1-2 տարեկան երեխաների համար կստեղծվի 9 խումբ՝ յուրաքանչյուրում 20 տեղ, իսկ Երևանում մեկ խումբ՝ 6-12 ամսականների համար։

Սվաջյանը պարզաբանեց, որ նոր տեղերի ավելացումը կպլանավորվի ըստ ծնողների արձագանքների ու ընդունելության ցուցանիշների ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել