ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, Վանաձոր քաղաքի բնակիչ Գ․Ղ․–ի կողմից առերևույթ կատարված խարդախության փորձի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Գ․Ղ․–ն Վանաձոր քաղաքի բնակչուհուն «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում որպես մատենավար աշխատանքի տեղավորելու պատրվակով, պահանջել է 500 ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ գումար ՝ ինչ–որ պաշտոնատար անձի կաշառք տալու համար:
Տեսանյութը՝ այստեղ։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 44-440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալու փորձը) նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ, որը, պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։
Նախաքննության ընթացքում Գ․Ղ․-ի բնակության վայրում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել և վերցվել է ձեռագիր գրառմամբ «A4» ֆորմատի 5 ցուցակ՝ բազմաթիվ անձանց անուններով, որոնց դիմաց նշված են եղել տարբեր գումարներ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տվյալներ այն մասին, որ Գ․Ղ․–ն, տարբեր ժամանակահատվածներում հանդիպելով մի շարք անձանց, նյութապես շահագրգռել է նրանց մասնակցել Տավուշի մարզում և Երևան քաղաքում տեղի ունեցող ակցիաներին, հավաքներին, հավաքագրել է անձանց, որոնց միջոցով կոորդինացրել է նշված աշխատանքները:
Ոստիկանության ծառայողների կողմից նշված անձը տեղափոխվել է Ոստիկանության բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որի շրջանակներում կայացվել է հավաքին մասնակցելուն այլ անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու հանցավոր արարքի կատարման մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձին ձերբակալելու որոշում։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: