Դերակատարները միշտ նույնն են, նույն քաղաքական ուժերն են, որոնք հայտնի են, հիմա թե ինչ կերպարանքով հանդես կգան, իրենց նախասիրության հարցն է, նոր կամ անսպասելի բան չենք տեսնում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Շարժմանը։
«Նույն մարդիկ են, նույն օրակարգն է, նույն նպատակը, ինչու պետք է մենք նոր էմոցիաներ ունենանք։ Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով»,- ասաց նա։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում եղել է շարժման վերաբերյալ, նա պատասխանեց․ «Այո, սկզբից, բայց շատ քիչ, մենք ավելի շատ զբաղված ենք սահմանազատման, սահմանագծման և այլ գործերով»։
Դիտարկմանը՝ հավաքը բազմամարդ է, այդքան մարդ դժգոհ է ձեզնից, Սիմոնյանը նշեց, որ անհնար է, որ որևէ երկրում, որևէ իշխանություն, այդ թվում նաև իրենք 100 տոկոսանոց աջակցություն ու 100 տոկոսանոց ընկալում ունենա և իրենք դրանից ենթադրություն են անում, որ աշխատանքն ավելի պետք է ուժեղացնեն և մարդկանց հասցնեն այն ամենը, ինչ կատարվում է և ինչ են կարծում․
«Կարծիքների բախում է, ես որևէ արտառոց բան չեմ, տեսնում բոլոր երկրներում պետք է լինեն ընդդիմություններ, ընդդիմությունն իր օրակարգը պետք է առաջարկի հանրությանը, հանրության մի մասը պետք է սատարի։ Դա է տեղի ունենում և դա նորմալ ժողովրդավարական պրոցես է»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը նաև անդրադարձավ այն տեսանյութին, որը Շարժումը հրապարակել էր՝ մատնանշելով Փաշինյանի ստերը։ Սիմոնյանը նշեց, որ այդ տեսանյութը բացարձակ մանիպուլացիա է. «Տարբեր ժամանակահատվածների տարբեր քաղաքական ելույթներ համեմատելը դա աբսուրդ ու մանիպուլյացիա է, փորձում են լայն մասսաների վրա ազդեցություն ունենալ, բայց իրականությունը ահավոր արագ է փոխվում, ժամը մեկ այլ իրականության մեջ ենք հայտնվում և փորձել համեմատել 5 տարի առաջ տեղի ունեցած հայտարարությունները և ասել՝ էն օրը դուք այս էիք ասում, հիմա այլ բան, դա աբսուրդ է»: