Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ հասել է Կիրանց, սակայն ոստիկանական ուժերը թույլ չեն տալիս նրանց մուտք գործել գյուղ. «Վերից վար ապօրինի է այս ամենը՝ սկսած այս հակասահմանադրական սահմանազատումից ու Ալիևի դիմաց ծնկած վիճակից մինչ այս պահը»:
Անդրադառնալով Ադրբեջանի հոգևոր առաջնորդի խոսքերին այն մասին, որ հայկական եկեղեցին, կաթողիկոսի գլխավորությամբ, ռևանշիզմ է քարոզում ողջ աշխարհում, Բագրատ Սրբազանն ասաց, որ Ալլահշուքյուր Փաշազադեն թող իր կարծիքը հայտնի ու թելադրված տեքստեր չասի. «Ալլահշուքյուր Փաշազադեն ամեն ինչ էլ կարող է ասել, իսկ սեփական պետության ներկայացուցիչնե՞րն այսպես կոչված»:
Անդրադառնալով ճանապարհի փակ լինելուն՝ Սրբազանն ասաց, որ այս մարդիկ ոչ օրենք գիտեն, ոչ կարգ գիտեն ու ամբողջ երկիրը խառնել են իրար իրենց հակաօրինական գործունեությամբ ու քմահաճույքով. «Խանություն է դարձել, սուլթանի իշխանության ներքո: Եկել եմ Կիրանց իմ ժողովրդին այցելելու, միշտ էլ այցելել եմ ու ոչ մեկ իմ դիմաց չի փակել, անգամ թուրքերը չեն փակել: Սրանից հետո անձնագրերով պետք է գյուղից գյուղ ճանապարհորդենք: Երկիրը դժոխք են սարքել»:
Բագրատ Սրբազանը հրապարակային դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին. «Պրն. նախարար, որպեսզի ոստիկանական ուժերի կողմից ավելորդ հրահրումներ չլինեն այստեղ, հրահանգ տվեք այս մարդկանց՝ մեզ արտոնեն հասնելու գյուղ ու մեր հայրենակիցներին տեսնելու, խաղաղ կերպով գնանք ու վերադառնանք»: