ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում այսօր՝ մայիսի 17-ին, կազմակերպության գիտական և գիտատեխնիակական գործունեություն իրականացնող անձնակազմի ժողովում կայացավ տնօրենի թափուր պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուների նախնական քննարկում և տնօրենի թեկնածուների վերաբերյալ փակ, գաղտնի քվեարկություն: Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին բյուրոյից։
Քվեարկության արդյունքներով՝ 125 մասնակցից 121-ը կողմ են քվեարկել Բյուրոյի գործող ղեկավար, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանի օգտին: Թեկնածուներից Գևորգ Մարգարյանը, որը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսինն է, ստացել է մեկ քվե: Մեկ ձայն է ստացել նաև թեկնածուներից Գարիկ Աղաբեկյանը:
Բյուրոյի անձնակազմի ժողովին հայտնի դարձավ, որ թեկնածուներից Հայկ Ծատուրյանը հրաժարվել է մասնակցել ընտրությանը, քանի որ չունի գիտակազմակերպական աշխատանքի փորձ, իսկ Գարիկ Աղաբեկյանն այս փուլին հրաժարվել է ներկայանալ և պատասխանել Բյուրոյի գիտական անձնակազմի հարցերին:
Նշենք, որ Բյուրոյի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արգամ Հովսեփյանի թեկնածությունն առաջադրել է կազմակերպության գիտական անձնակազմը, իսկ մյուս երեք թեկնածուներն ինքնառաջադրվել են: «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների ընտրակարգի» համաձայն՝ Բաժանմունքի բյուրոյի և ՀՀ ԳԱԱ անդամների կողմից առաջադրումների կամ ինքնաառաջադրումների դեպքում ներկայացված բոլոր թեկնածուները նախնական քննարկում են անցնում տվյալ կազմակերպության գիտական անձնակազմի ժողովում և փակ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացվում են համապատասխան բաժանմունք: Ըստ գործող ընտրակարգի՝ տնօրենի պաշտոնի թեկնածություններն առաջադրվում են օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող անձանց թվից և պետք է ունենան գիտական աստիճան, ընտրության պահին լինեն 65 տարեկանից ցածր տարիքի, ունենան գիտակազմակերպական աշխատանքի փորձ, մասնագիտական ուղղվածությամբ համապատասխանեն գիտական կազմակերպության հիմնական գիտական ուղղություններից մեկին:
ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթը տեղի կունենա մայիսի 30-ին: Բյուրոյի տնօրենին ընտրելու է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը՝ խորհուրդը, որի կազմում են ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչները: