«Ժողովու՛րդ ջան, ձեր վարքագծով ոչ ոք չի միանալու ձեզ»․ Արմեն Փամբուխչյան

«Ես հասկանում եմ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Վազգեն Գալստանյանի (Բագրատ Սրբազան,-խմբ․) անհաջողությունների ֆոնին, քանի որ կա նաև այլ հարթակ՝ Հանրապետության հրապարակում, մեր ընդդիմությունը չի կարողանում որոշակի ասելիքները տեղ հասցնել, և իրենց գործընկեր խմբակցությունը՝ Երևանի ավագանու, փորձեց այստեղ այդ ամենը բեմադրել և օգտվելով այս հարթակից՝ նորից քաղաքացիներին ասել այն, ինչ ասում է վերջին 4-5 տարիների ընթացքում և մատնվում է անհաջողության։

Երբ մարդ հաջողություն չի ունենում, անընդհատ փորձում է ամեն ինչ օգտագործել, որպեսզի փորձեն ինչ-որ չափով ուշադրություն գեներացնել իրենց վրա, բայց դա չի հաջողվում։ Չի հաջողվում, որովհետև իրենց այդ պայքարը կամ ասելիքը ամբողջությամբ հիմնված է կեղծիքի վրա։ Իրենք ընդամենը փողոցներում ման են գալիս, անգամ սրճարաններում մոտենում են մարդկանց և սկսում են «մատ թափ տալ», թե ինչու այս կամ այն անձը չի միանում։

Ժողովու՛րդ ջան, ձեր վարքագծով ոչ ոք չի միանալու ձեզ։ Պայքարին միանում են այն դեպքում, երբ մարդը հասկանում է այդ խնդրի բովանդակությունը, հասկանում է՝ ինչի մասին է այդ պայքարը և հավատում է այդ պայքարին։ Բայց ի՞նչ եք անում դուք, ընդամենը հարթակից էթնիկ զտման եք ենթարկում ՀՀ քաղաքացիներին և հեռու չի այն օրը, որ դուք ասեք՝ հայ լինելու համար պետք է Հայկ Նահապետից տեղեկանք բերեք»,- այսօր՝ մայիսի 14-ին Ավագանու նիստի ընթացքում ասաց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

Նա հավելեց, որ սա էթնիկ զտման դասական դրսևորում է և հնչել է նրանց հարթակից,  և այդ հարթակին ոչ ոք չի հավատալու, որովհետև ՀՀ-ն անկախ, ժողովրդավարական պետություն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել